Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարան

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1929 թվականի նոյեմբերի 7-ին Նյու Յորքի 62 վարչատարածքային միավորներից մեկում՝ Մանհեթենում: Այն համարվում է ամենաառաջին, ամենամեծ և ամենաազդեցիկ ժամանակակից արվեստի թանգարանների մեկը ամբողջ աշխարհում:

Թանգարանը հիմնադրելու գաղափարը պատկանում է Էբբի Ռոքֆելլերին` Ջոն Ռոքֆելլերի կնոջը, և նրա 2 ընկերներին՝ Լիլի Բլիսսին և Մերի Սուլիվանին: Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստի պատմաբան Ալֆրեդ Բարրը: 1935 թվականին Թանգարանում հաջողությամբ տեղի ունեցավ Վինսենթ վան Գոգի աշխատանքների ցուցահանդեսը, որի համար Նիդերլանդներից բերվել էին 66 յուղանկար և 50 գծանկար: Թանգարանի միջազգային հեղինակությունը կտրուկ աճեց, երբ 1939-1940 թթ. այստեղ կայացավ Պաբլո Պիկասոյի նկարների ցուցահանդեսը՝ համագործակցելով Չիկագոյի արվեստի ինստիտուտի հետ: Ռոքֆելլերների ընտանիքը մշտապես կապված է եղել թանգարանի հետ՝ լինելով հոգաբարձուների խորհրդի կազմում: Դեյվիդ Ռոքֆելլերը 1958-ին դարձավ հոգաբարձուների խարհրդի նախագահ և հրավիրեց հայտնի ճարտարապետ Ֆիլիպ Ջոնսոնին վերափոխելու թանգարանի այգին, որը կոչեց իր մոր՝ Էբբի Ռոքֆելլերի անունով:

Թանգարանի օրեցօր ընդլայնվող հավաքածուն ներառում է գրեթե 200000 արվեստի գործ, որոնցից ավելի քան 87000-ը ներկայումս թանգարանի պաշտոնական կայքում ցուցադրվում են օնլայն: Թանգարանում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ գործեր, ինչպիսիք են Պոլ Սեզանի «Լողորդը», Վինսենթ վան Գոգի «Աստղալից գիշեր», «Ձիթենիներ», Անրի Մատիսի «Պարը», Անրի Ռուսոյի «Երազը», «Նոտր Դամի պատկերը», Կազիմիր Մալևիչի «Սպիտակը սպիտակի վրա», Ջորջո դե Կիրիկոյի «Սիրո երգ», Դալիի «Հիշողության հարատևությունը», Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» կտավները և այլն: Թանգարանում կա նաև գրադարան, որտեղ պահվում են 300000 գրքեր, 1000 պարբերականներ և ավելի քան 40000 ֆայլեր՝ կապված արվեստի աշխարհի հետ:

Որպես շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպություն՝ այն իր բյուջեով 7-րդն է ԱՄՆ-ի թանգարանների մեջ:  Այժմ թանգարանը ամեն տարի մոտ 3 մլն այցելու է ունենում: Թանգարանի մուտքավճարն է 25 դոլար 1 չափահաս անձի համար: 1995-ից առ այսօր թանգարանի տնօրենը ամերիկացի արվեստի պատմաբան Գլեն Դեյվիդ Լոուրին է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ