
Ձմեռ պապի
Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։
Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։
Աթաբեկ Խնկոյան
***
Ձմեռ
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Աթաբեկ Խնկոյան
***
Նկարիչ
Օյ, օյ, օյ, բուք-բորան
Եկավ ծածկեց պատուհան։
Նկարիչ է, նկարիչ,
Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,
Ոչ ներկ ունի և ոչ տուփ,
Նկարում է ծառ ու թուփ.
Ծաղկենկար է անում,
Ապակու վրա նկարում։
Այ, էդպես է բուք-բորան,
Կուզե՞ս տեսնել դու նրան։
Թե տղա ես, դուրս գնա,
Քիթդ այնտեղ կմնա։
Աթաբեկ Խնկոյան
***
Եղևնի
Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։
Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։
Աթաբեկ Խնկոյան
***
Եղևնին
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Համո Սահյան