Նելլի Հովսեփյան – «Քեզահետ ու քեզաձև»

Դուրս գալուցդ տանս դուռը բաց եմ թողնելու. ուզում եմ քեզահոտ դառնալ։

Դուռս բացելու եմ՝ ինչքան հնարավոր է շատ ու լայն, որ քեզնից մնացած ու շենքով մեկ տարածվող օծանելիքիդ բույրը հետ գա տանս մեջ։
Հենց զգամ, որ արդեն տանս մեջ ունեմ հոտդ, արագ կփակեմ դուռը, որ պատահաբար միջանցքով անցնող ինչ֊որ մեկը չշնչի քեզ։
Կսկսեմ ագահորեն կուլ տալ ամեն մի կաթիլ հոտդ, եթե հոտդ կարող եմ կաթիլներով հաշվել։ Եթե չէ, ուրեմն չեմ էլ փնտրի չափի ինչ֊որ մասնիկ։
Ու հենց զգամ, որ հոտիդ չափաբաժինն արդեն ստացել եմ, կսկսեմ հանգիստ շունչս տեղը բերել ու կամաց֊կամաց ուշքի գալ։
Ամեն անգամ հոտդ շնչելուց հետո հասկանում եմ՝ ինչքան թույլ են աշխարհի վրա գոյություն ունեցող հոտերն ու բուրմունքները։ Ու ինչքան ուժեղ ես դու՛ բուրում։
Երբեմն խելագարության հասցնող բուրմունք ունես մոտդ, գիտե՞ս։

Դռանս վրա բույրիցդ մի շերտ է պոկվել ու մնացել։ Ես էլ փորձում եմ հնարավորինս մեղմ դիպչել իրեն. եթե մի օր հոտիԴ չափաբաժինՍ քչություն անի, կիմանամ, որ դռան վրա մի շերտ ունեմ պահած։ Երևի կգնամ ու կգրկեմ դուռս։ Շատ ամուր կգրկեմ։ Զգեստս էլ մի կողմի վրա թաքուն կպահեմ, որ ոչ մի այլ բույրի հետ չմիաձուլվի ու հոտդ չկորցնեմ, որ մի օր արթնանամ ու զգեստս ձեռքերիս մեջ պահած՝ քեզնից հոտՍ առնեմ։

Տունս էլ է դարձել քեզահոտ ու քեզաձև։
Ամենուրեք դու ես, ու քեզնից մնացած ամեն ինչը։ Ամենուրեք ես եմ, բայց ինքս ինձ էլ չեմ գտնում սեփական տանս մեջ. հոտդ լրիվ փակել է ամեն ինչ։ Տանս հայելին էլ, որը երբեք էլ չի փայլել մաքրությամբ ու ինձ մաքուր արտացոլելու հարցում, այսօր քեզապատված է։
Զգու՞մ ես՝ դու ամենուրեք ես։
Տունդ ու դու հերիք չէին քեզ. քեզ իմ տունն էլ պետք եղավ։

Խելագարվել կարելի է այս ամենի մեջ։
Ես կորցրել եմ սեփական բույրս՝ փոխարենը քեզաբույր եմ դարձել։
Ես կորցրել եմ ինքս ինձ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ