Նարեկ Կոսմոս – «Տողադարձ»


դե
մենք սկզբում մի բառ էինք,
որ հայտնվեցինք նախադասության վերջում,
ու տողադարձեցին մեզ…


ավելուկով ճաշ
եփելուց առաջ
դու չհարցրիր
սիրում եմ թե չէ…
էդ օրվանից
մտար սիրտս…
ես քեզ տպեցի
զգացմունքներիս մամուլում,
տառասխալներով,
չխմբագրված…
նստեցի քո մասին եկող երթուղայինները
ու գնացի քո մասին պատմող հեռուն…
ոչ մի տխրություն
չվրիպեց իմ աչքից,
ու գրեթե միշտ
քո մասին խմվեց
տեքիլան
տեքիլան առանց լիմոն…
ես փչում էի
խատուտիկները քո դեմքին,
օծանելիքի պես
փչվում էր խատուտիկը,
ես պարզապես
մտածում էի
մտել ես սիրտս
ու սխալ դուրս եկել..
դու,որ
էսօր պատճառն ես
իմ տխուր շաբաթվա…
դու որ
համբերությունս վնասած մեկն ես…
մի կրակիր
աքիլեսներդ իմ լռության ախոռին…
համաձայնվիր տանեմ քեզ…
ուր ուզես կտանեմ քեզ…
գոռա
«գրողը տանի»,

ու կգամ հետևիցդ…
ես չափազանց բանաստեղծ եմ
քեզ մոռանալու համար,
ու հավատա
արդեն մոռացել եմ
քեզ մոռանալու մասին…
երբ կամենաս
մեքենադ կգցեմ
ուզածդ խցանման մեջ
համբուրվելու
ժամանակ կունենանք սեր..
արի գոնե էս անգամ
գոնե էս անգամ
եզրափակվենք սիրելով…
պատահիր ինձ…
պատահիր հիմա
որ
երբ ինձ հարցնեն բան է պատահել,
գոնե էդ անգամ
բերանս ջուր առած չկանգնեմ,
որ ասեմ
հա’
դեպք է պատահել,
որ պետք է պատահեր…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ