
ինձ թող,
թող դատարկ լողավազանում
ու ես կխեղդվեմ դատարկությունից…
թող ինձ նվագի Համասյանը,
ու տես ինչքան սիրուն եմ լսվում…
դու ձախողված ավտոստոպն ես իմ,
որ էդպես էլ ինձ տուն չհասցրիր…
ես հոգնել եմ քեզ
ես վատնել եմ քեզ
սխալվել եմ քեզ երեկ…
ու առավոտ կանուխ,
երբ փակել են դռները
արև վաճառող դեղատան,
հասկացել եմ,
էս փնթի մթության մեջ
ես լրիվ չեմ
ես էլ լրիվ չեմ…
ինձ ծախեցին երեկ
իսկ էսօր նվիրում են…
իմ ժամկետն անց
հիասթափությունը կյանքից,
էսօր դարձել է
լռություն…
ես խաղացել եմ քեզ
ծիծաղել եմ քեզ
ու ինձնից փախչող
պատանեկությանս արանքում
թելել
դիմագիծը քո…
ու հիմա
վախենում եմ քեզ…
հիմա
վախենում եմ քեզ..
ես տանուլ եմ տալիս
խաղը,որ կոչել եմ դու,
քեզավորված դատարկությունը,
որ կոչել եմ դու…
ու մեկն էլ արև չի վաճառում էսօր,
չէ որ էսօր ամեն ինչ նվիրում են…
մնացել եմ ես…
մենակ ես…
փաստորեն ինձ էլ նվիրել են մենակությանը…
ես խոսել եմ քեզ
դուերենիս սպառված բառապաշարով…
ու լքել քեզ,
ինչպես լքում են մեզ կիրակիները,
կապույտ կիրակիները կյանքի…