
– Ինչպիսի՞ կարծրատիպեր ունի մեր հասարակությունը:
– Մեր հասարակությունը ցավոք այնքան շատ կարծրատիպեր ունի, որ դժվար կլինի դրանք թվարկել: Բայց երևի կառանձնացնեմ իմ դեպքում ամենահաճախ պատահողն ու ինձ համար ամենաանհասկանալին: Մենք շատ ենք առանձնացնում տղաներին և աղջիկներին: Ավելի կոնկրետ մենք թիրախավորել ենք իգական սեռին և տարբեր «պետք է»-ներ ենք բարդում նրա վրա, նրանք համոզված են, որ աղջիկը չի կարող լավ մեքենա վարել, շատ գումար վաստակել:
Քանի որ իմ երկրորդ զբաղմունքը մոդելինգն է, իսկ հիմնական աշխատանքը անգլերեն դասավանդելը, ես ամեն անգամ ստիպված եմ լինում մեծ ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու, որ այդ երկուսի համատեղումը հնարավոր է, և պարտադիր չէ վատ վարք ունենալ, որպեսզի զբաղվես մոդելինգով:
– Մեր հասարակությունը կնամեծա՞ր է:
– Մեր հասարակությունը չի եղել երբեք կնամեծար: Մենք մայրամեծար և քույրամեծար ենք, այսինքն ով մեզ հարազատ է նրան պաշտում ենք, բայց անծանոթներին երբեք: Էլ չեմ ասում տարեկան քանի աղջիկ երեխա է աբորտի ենթարկվում և քանի կին է սպանվում կամ ծեծի ենթարկվում:
– Ի՞նչ տեսակ կարծրատիպերի եք ամենից շատ առերեսվում, կպատմե՞ք Ձեր շրջապատի և նրանց ազդեցության մասին:
– Երբ մարդկանց պատմում եմ, որ աշխատում եմ վաղ տարիքից, ունեմ մի քանի զբաղմունք, մի քանի աշխատանք, մարդիկ միանգամից ապշում են, քանի որ հասարակությունը մեծ մասամբ սովոր չէ տեսնել իգական սեռին շատ զբաղվածությամբ, իսկ ինձ համար դա բնական է, նույնիսկ պարտադիր: Երբեմն պատմում եմ, որ եղբայրս չի խառնվում իմ գործերին, քանի որ ես չափահաս մարդ եմ, այդ ժամանակ միկրո ինֆարկտ են ստանում: Հաճախ հումորներ են անում մազերիս երանգի հետ կապված, որ շեկ եմ ու շատ բաներ չեմ հասկանում, բայց դե ես ախր հզուր զենք ունեմ: Մինչ այսօր մոտ 300 եթե ոչ ավել ուսանող եմ ունեցել: Ասում եմ, որ խոհանոցում հաճախ չեմ լինում, քանի որ շատ զբաղված եմ, ու մարդկանց թվում է, թե դա արատ է կամ թերություն: Երբեմն ասում են, որ դեռ պատրաստ չեմ ամուսնության, մտածում են կոտրված սրտով աղջնակ եմ, մինչդեռ իրականում ընդամենը գիտակցում եմ ամուսնության լրջությունը և ուզում եմ ընտանիք կազմել մեծ ու հասուն տարիքում:
– Ըստ Ձեզ ինչպե՞ս են ձևավորվում կարծրատիպերը և արդյո՞ք նրանք միայն բացասական ազդեցություն են թողնում:
– Ըստ երևույթի դրանք ձևավորվում են հասարակության մեջ տարիներ շարունակ չփոխվող մտածելակերպի հիման վրա: Այսինքն՝ քանի չի հայտնվել մեկը (կամ մի քանիսը), ով կսկսի ընդունված կարծրատիպի հաջողված հակառակ օրինակը ցույց տալ: Կարծրատիպերի ինձ հանդիպած ազդեցությունները դեռևս միայն բացասական են եղել: Կուզենայի փորձել դրանց մեջ փնտրել նաև դրական կետեր, սակայն բառն ինքնին բացասական է խոսում:
– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:
– Երբ փոքր էի՝ դպրոցում լավ չէի սովորում, չէի գիտակցում, որ պետք է գալու: Հետո գիտակից տարիներիս սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել, տարբեր բաներ ուսումնասիրել, նոր երևույթների մասին տեղեկանալ, կարծիքներ լսել: Հիմա և՛ գրքերը, և՛ համացանցը տալիս են այդ հնարավորությունը: Կուզենայի մարդիկ դուրս գան իրենց ստեղծած պատերից, շատ կարդան, նոր բան սովորեն և ինքնակրթվեն: Ամեն նոր բան տեսնելիս միանգամից դեմ չարտահայտվեն, այլ փորձեն ուումնասիրել: Միգուցե իսկապես մեզ մի որոշ նոր բաներ են պետք կյանքը դեպի լավը տանելու համար: