Ճանաչիր ինձ – Նարե Հովհաննիսյան

Ողջույն, ես Նարե Հովհաննիսյանն եմ ծնվել և արդեն 16 տարի ապրում եմ Գյումրիում: Քաղաքում  ինձ ճանաչում են, որպես Հայաթ փրոջեքթի երգչուհի: Քչերը գիտեն, որ ես ջութակահար եմ:

Երբ 4 տարեկան էի, գնում էի դաշնամուրի՝ չէի սիրում: Հայրս ջութակահար է եղել, տատիկիս երազանքն է եղել, որ ես և քույրս ջութակ նվագենք։ Վախեցել է, որ այդ տարիքում սերը երաժշտության հանդեպ կարող էր կոտրվել, և դադարել է ինձ դաշնամուրի տանելուց: Հետո, երբ արդեն համեմատաբար ավելի հասուն էի, 7 տարեկան հասակում սկսեցի հաճախել ջութակի: Իսկ երբ ընտանիքում նկատեցին, որ նաև ձայն ունեմ, տարան վոկալի:

Երգելն իհարկե շատ բարդ է, բայց ինձ մոտ բավական հեշտ է ստացվել: Շատ դժվար է ասել թե ինչ է երաժշտությունն ինձ համար: Երբ գտնում ես և ուրախություն և սփոփանք ինչ որ բանի մեջ, որը դառնում է քո կյանքի անբաժանելի մասնիկը, չես կարող բառերով բացատրել: Միգուցե տգեղ հնչի, բայց երաժշտությունը կարող է փոխարինել յուրաքանչյուր մարդու իմ կյանքում, բացի իհարկե մայրիկիցս:

Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել, երբեմն մուլտֆիլմեր: Ֆիլմեր դիտելը կարելի է ասել իմ կիրքն է: Այսպես ասած « բարդ » ֆիլմեր եմ սիրում: Ամենասիրած ֆիլմ չեմ կարող առանձնացնել: Կասեմ զուտ 3 ֆիլմ, որը յուրաքանչյուրին խորհուրդ կտայի դիտել Արանովսկի «Մամա», Նոե «Էկստազ»,  Տրիեր «Նեռը»:

Հիմա սովորում եմ Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջում՝ ջութակահար: Զուգահեռ երգում եմ Հայաթ փրոջեքթում սոլո վոկալիստ եմ: Դեռ մասնագիտություն չեմ ընտրել: Հավանաբար մարկետինգի գծով կշարունակեմ:

Չգիտեմ ինչու, բայց իմ ապագան ինձ միշտ լուսավոր է թվացել: Չեմ ձգտում արագ ամուսնանալ և ընտանիք կազմել, ցանկանում եմ կայանալ և լինել ուժեղ: 

Մայրս շատ ուժեղ կին է, ով իր կյանքի բոլոր փուլերում բախվել է անասելի բարդ և ցավոտ խնդիրների, սկսած վաղ մանկությունից, և որոնք շարունակվում են մինչև այժմ: Նա կանացի իդեալ է ինձ համար, և ես չեմ հարգում այն կանանց ովքեր չեն ձգտում կայանալ, և ինքս երբեք այդպիսին չեմ լինի: Կյանքիս առաջին երազանքը և նպատակը մորս անհոգ ծերություն ապահովելն է, քանի որ ամբողջ կյանքումս ոչ մի հոգսի հետ ես չեմ բախվել: Երբեք չեմ իմացել ինչ է սոված կամ ոտաբոբիկ մնալը: Երբեք չեմ տեսել նրա հոգնածությունը: ԵՒ ես ձգտում եմ նմանվել նրան: 

Հետաքրքրվում և զբաղվում եմ նաև մոդելինգով, այն ինձ համար ռելաքս է: Ամենահաճելի պահն այն է, երբ տեսախցիկը պահված է վրաս ու ես կարող եմ անել ամեն ինչ ինչ անցնի մտքովս ու մաքսիմալ ազատ եմ:

Ինքս ինձ չեմ համարում կոմպլեքսավորված մարդ, բայց նկարահանման պահին ազատվում եմ ամեն տեսակ կոմպլեքսներից: Երբ ֆոտոխցիկն ուղղված է իմ վրա մի տեսակ պատասխանատվություն եմ զգում, որ ամեն կադրը պետք է չտեսնված լինի:

Ես սիրում եմ իմ քաղաքը այնպիսին ինչպիսին կա: Իհարկե չկա իդեալական բան աշխարհում, սակայն երբ ինչ-որ բան սիրում ես այնպիսին ինչպիսին այն կա,  ինքնին դառնում է իդեակական:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ