Բարև  ձեզ: Ես  Նարե  Բադալյանն  եմ, ծնվել  եմ  1990թ.  Վանաձոր  քաղաքում: Դպրոցն  ավարտելուց  հետո  սովորել  եմ  Երևանի  պետական  լեզվաբանական  համալսարանի  անգլերեն  լեզվի  թարգմանչական  բաժին ֆակուլտետի  բակալավրիատում,  այնուհետև  նույն  համալսարանի  կրթության  կառավարման  ամբիոնում  ստացել  եմ  հանրային կառավարման  մասնագետի մագիստրոսի  կոչում: Ուսանողական  տարիներին  շատ  եմ  ստեղծագործել.   ունեմ  150 բանաստեղծություն, 2  նովել և  1 պատմվածք: Գրական  կեղծանունս  Էն-Բի է:

Ձեզ  եմ  ներկայացնում  իմ  բանաստեղծություններից  մի  քանիսը.

Կոտրված հոգու մելամաղձություն,
Որ ուղղում է մեզ մեր կամքին ընդդեմ
Եվ կարոտի մեջ սուզված թուլություն,
Որ կանգնում է իմ և քո ԵՍ-ի դեմ:

Հուսահատված հավատը մեր
Օծված է սուր տենչանքով,
Ուղարկված է սա մեզ նվեր
Սերը՝ լեցուն տանջանքով:

Գլուխկոտրուկն այս դարձել է տարերք,
Սրտիս ջութակի սիրային մի երգ,
Սիրելը քեզ կանվանեմ՝ մոլուցք,
Որ ցավեցնում է, ինչպես մի բռունցք:

Կծկված ժպիտս թափանցիկ
Նիրհում է քո կրակ աչերում,
Անցնելով նարում ես հպանցիկ,
Խեղդվում եմ այս վեպի էջերում:

Փոթորկված մեր սիրո ջրերում
Լողում եմ՝ փորձելով մաքառել,
Այրվում եմ մեր սիրո հրերում,
Սիրելով փորձում եմ համառել:

Եվ հեշտ չէ ինձ համար սիրելիս
Գժտվել մեր այս խենթ սիրո հետ
Եվ ծեծվել այս անհույս անձրևից
Ու խրել կրծքիս մեջ մի սև նետ...
2008թ.

Մյուսը.

Հիմա գրում եմ, 
Եվ չմտածված մտքերս ահա մի տող են դառնում,
Ես պարզ տեսնում եմ՝ գրիչիս թողած բոլոր հետքերը
Մի նոր ու բարձր ոգի են առնում:
Ես արտասվում եմ,
Եվ աչքիս առաջ 
Քո կիսախավար պատկերն է հառնում,
Եվ ես փակում եմ աչքերս ուրախ
Սակայն մտքերս իրար եմ խառնում:
Ես համբուրում եմ պատկերդ անգույն
Եվ դու թողնում ես ու լուռ հեռանում:
Եվ նույնիսկ անգամ դու ինձ չես ասում, 
Որ պատրանք չէիր,
Այլ իրականում ծածուկ հետևող
Եվ որ իմ լամպն է ինձ դավաճանում:
Ասա՛ մի՞թե դու չէիր ջանում
Ինձ մի բան ասել, որից աշխարհում
Ամեն մի աղջիկ կամ թռչկոտում է,
Եվ կամ լրջանում... 
Ասա՛ ինչու՞ չքացար անձայն,
Միայն այս հարցն է լուռ առաջանում...
-Ես դեռ այստեղ եմ, հիմա կտեսնես՝
Այս ամենը վերջակետ ունի, թե չի վերջանում...
Ավարտը սրա
Համբույրն էր նրա՝
Անվերջ, անհատնում...
2008թ.

Վերջինը.

Թաց ապակի,
Աղոտ մի լույս...
Իմ հայացքը
Մե՛կ հատակին, 
Մե՛կ էլ ծեծվող
Ապակուց դուրս...
Անձրև, արցունք, 
Խենթ կաթիլներ,
Թղթեր, աչքեր, 
Լացի հետքեր...
Որոտ, կայծակ, 
Սարսուռ, հեղեղ,
Սեր-փոթորիկ
Ու սեր ահեղ...
Սիրտս փոքրիկ՝
Մե՛կ իմ ներսում,
Մե՛կ էլ այնտեղ...
Այնտե՞ղ, դրսու՞մ։
Այս ամենը միայն 
Խենթիս խենթ երազում։
2008թ.

Հետևեք ինձ՝

 

 

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ