
Թե հնար լիներ՝ հետ բերել նորից իմ մանկությունը,
Ես կգնայի՝ նորից տեսնելու հուշերիս տունը…
Կնստեի մեր աստիճաններին՝ ընկերներիս մոտ,
Ուր հրաշք էր դեռ ամեն մայրամուտ, ամեն առավոտ։
Հորս ճակատի քրտինքով շաղված հողաբույրը թաց՝
Օդում տարածված լավաշի անուշ հոտին խառնված,
Ինձ կհիշեցներ հացի սրբությունն ու ուժը հողի,
Զորեղությունը՝ ջրի կարկաչի, արևի շողի…
Թե հնար լիներ, իմ մանկությունից հետ կբերեի
Երկար գիշերվա տաք զրույցները՝ ցուրտ ձմեռների,
Երբ վառարանի ճարճատյունն այնքա՜ն անուշ էր լսվում,
Հոգսերի բեռը ծիծաղի հետ էր հունցվում ու հյուսվում։
Վազքից խլացած մեր այս օրերին ես կբերեի
Իմաստնությունն ու համբերությունը իմ պապիկների,
Ովքեր գիտեին՝ հողի հետ խոսել, քամուց՝ չդողալ,
Ու հոգնած, բայց գոհ, անտրտունջ սիրով՝ թոռան հետ խաղալ։
Մենք մեծանալով՝ կյանքը մանրացրինք, փոքրացանք այնքան,
Որ աշխարհը փուչ, իսկ մանրուքները՝ կարևոր դարձան.
Սերը, որ պիտի դառնար նվիրում, դարձավ խաղալիք,
Երազանքները, լավագույն դեպքում, գուցե դառնան գիրք։
Մենք կորցնում ենք՝ նորոգելու, և դեն չնետելու կարողությունը,
Առաջին ձյան մեջ հրաշք տեսնելու ու գարնան հոտի ուրախությունը,
Ոտքով հեռավոր մատուռ հասնելու տեսիլքն ու կամքը,
Սպասումի հույսը, սիրո հավատը, մեծի օրհնանքը…
Թե հնար լիներ, ու կյանքը նորից այդքան հետ գնար,
Ես կհիշեի, թե ի՜նչ փոքր էին աստղերն ինձ համար,
Եվ որ նրանցից ամեն մեկն ընկնող մի երազանք էր
Կյանքը հեքիաթ էր և այդ հեքիաթը կյանքի չափ թանկ էր…
Լացդ խեղդելով՝ ցավին չես հաղթի,
Ինչպես չեն հաղթում սիրուն.
Մի օր կնայես աչքերին կյանքի՝
Կտեսնես, որ չես ապրում։
Որքան էլ մարդկանց հարմարվել փորձես,
Աստծո դեմ մերկ ես, շիտակ,
Ու երբ հայացքդ քեզանից փախցնես,
Սևդ չի դառնա սպիտակ։
Հարմար լինելուց մի օր կհոգնես՝
Անգործն է այդպես հոգնում,
Կզգաս՝ խաբել ու անտեսել ես քեզ՝
Քեզ տրված միակ կյանքում։
Սուտը փրկօղակ չի դառնա երբեք,
Շու՜նչ է պետք, որ մարդ ապրի,
Բռնի՜ր արևդ, որ ունենաս ելք
Մութ ճահիճներից կյանքի։
Միշտ էլ կրակն է պահում կյանքը մեր,
Հենց այնպես ոչինչ չկա…
Լույսերն են միայն վառում երկինքներ,
Քո լույսը գտիր հիմա։
Մի օր անցյալդ քո դեմ կկանգնի,
Կթերթես ամեն մի օր.
Տես՝ սուտ կյանքի մեջ հետքդ չհանգչի,
Ինչպես հանգչում ես այսօր…