Նաիրա Գյոզալյան – «Ի վերջո»

Ի վերջո ծնկածս հերիք է,
Որ կյանքի փորձ կոչեմ,
Որ խոհեմ մարդ կոչվելու
Այցեքարտ վաստակեմ։

Ի վերջո ապրածս հերիք է,
Որ ոմանց Մարդ կոչեմ,
Որ թաց ու չորը կյանքում՝
Մի կերպ իրարից զատեմ։

Ի վերջո կեսդարյա կյանքիս
Դասերը շալակս առած՝
Քայլերս վաղուց վստահ են՝
Հայացքս առաջ պարզած։

Ի վերջո անկումներն անցյալում
Վարագուրել եմ վաղուց,
Իրատես մարդու իմ վարքով
Ես իմ ուղին եմ հարթում։

Ի վերջո ձեռքիցս ինչ գա,
Նշխարքի պես բաժին կհանեմ,
Մարդկային կյանքի հարթակին՝
Ամենքիդ ընկեր կլինեմ։

Ի վերջո, մարդ եմ ի վերջո,
Խենթ, բարի ու անբարդույթ,
Ի վերջո կյանքն է ինձ թրծել
Կյանքի հորձանուտում։

Ի վերջո ես մարդ եմ ձեզ նման,
Ով ունի խնդիրներ բազում,
Ով դրանց լուծման ճամփեքին՝
Մարդ որակը միշտ բարձր է պահում։

Ի վերջո կյանքն իմ արդեն
Հաստատուն առաջ է գնում,
Երևի այդ նրանից է,
Որ բերքն աշնանն է հասնում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ