
Tesla ավտոարտադրող և SpaceX տիեզերական ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը բարձրացել է յոթերորդ հորիզոնական Bloomberg Billionaires Index֊ի միլիարդատերերի վարկանիշում:
Մասկի ակտիվների արժեքը հուլիսի 10-ին աճել է 6,1 միլիարդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի 11 տոկոս աճից հետո: Bloomberg-ը ձեռներեցի կարողությունը գնահատում է 70,5 միլիարդ դոլար։
Մասկը շրջանցեց Berkshire Hathaway ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆեթին: Այս շաբաթվա սկզբին 89-ամյա Բաֆեթի ունեցվածքը նվազել է, երբ նա նվիրաբերեց բարեգործությանը 2.9 միլիարդ դոլար: Բաֆեթի ակտիվների արժեքը գնահատվում են 69,2 միլիարդ դոլար:
Բացի այդ, Իլոն Մասկը շրջանցեց L’Oreal-ի համասեփականատեր Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսին, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին, Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանիին և Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին:
Միլիարդատերերի առաջին հինգ վարկանիշային աղյուսակը, ըստ Bloomberg-ի, այսպիսին է.
Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը` 189 միլիարդ դոլար;
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 116 միլիարդ դոլար;
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` 93 միլիարդ դոլար;
Louis Vuitton Moet Hennessy֊ի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոլտը` 92,6 միլիարդ դոլար;
Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը՝ 76,8 միլիարդ դոլար
Վերջերս Մասկը թվիթերյան իր էջում գրառում է կատարել խորհրդային նախագծող ճարտարագետ և ակադեմիկոս Սերգեյ Կորոլևի ընտանիքի հետ ունեցած զրույցի վերաբերյալ:
«Այսօր ես զրուցեցի Կորոլևի ընտանիքի հետ: Նա լավագույններից մեկն էր», – գրել է Մասկը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Մասկի «SpaceX» ընկերությունը կառավարվող տիեզերանավ էր ուղարկել ISS(միջազգային տիեզերական կայան): Սա առաջին կառավարվող տիեզերական թռիչքն է, որն իրականացրել է մասնավոր ընկերությունը: