Եթե դուք կարծում եք, որ դժվար է նոր ինֆորմացիան արագ յուրացնել, ապա դուք միանգամայն սխալվում եք։

Նախքան նոր ինֆորմացիա յուրացնելը պարզապես շատ կարևոր է հստակեցնել ձեր առջև դրված առաջնայնությունները։

➖ Ինչի համար եք այն սովորում,
➖ Ինչքանով եք հետաքրքրված արդյունքով,
➖ Ճիշտ գնահատեք ձեր ունակություներն ու պատրաստակամությունը,
➖ Բարձրացրեք սովորելու հանդեպ ձգտման մակարդակը,
➖ Հաղթահարեք նորը սովորելու վախը։

Եկեք դիտարկենք նոր ինֆորմացիան արագ յուրացնելու և հիշողության մեջ ամրագրելու մի քանի գործիք․
✔️ Սովորեցրե՛ք նոր ձեռք բերած ձեր գիտելիքը մեկ ուրիշին։
Երբ խնդիր է դրվում դիմացինին ինչ-որ բան բացատրելու, դուք, նախքան բացատրական փուլը, սկսում եք ավելի խորն ուսումնասիրել այն, ինչ թվում էր, թե արդեն լավ գիտեք։
Այստեղ մեծ է նաև հոգեբանական գործոնը․ սովորեցնողի պատասխանատվությունը մեծ է, և դուք հակված եք արագ ու էֆեկտիվ միջոցներով ևս մեկ անգամ յուրացնել գիտելիքը, որը պետք փոխանցեք ձեզնից մեծ ակնկալիքներ ունեցողին։ Այստեղ ձեր հիմնական խաղաքարտը մոտիվացիան է։

✔️ Սովորե՛ք կարճ ժամանակահատվածներով։
Լուիզիանայի համալսարանի փորձագետներն առաջարկում են 30-50 րոպե հատկացնել նոր նյութեր սովորելուն: 30 րոպեից քիչ ժամանակը բավարար չէ նյութը յուրացնելու համար, բայց 50 րոպեից ավել ժամանակահատվածն արդեն չափազանց շատ է, որպեսզի ուղեղը կարողանա միանգամից ընկալել այն։

✔️ Թղթի վրա կատարեք գրառումներ։
Իհարկե, հիմա գոյություն ունեն գրառում կատարելու բազմաթիվ նորարար միջոցներ, այնուամենայնիվ, բազմիցս ապացուցված է, որ գրիչ և թուղթ օգտագործելն ավելի լավ է օգնում սովորել և ընկալել նոր ինֆորմացիան:

✔️ Օգտագործեք կրկնության ուժը:
Ի՞նչ եք կարծում, ավելի արդյունավետ է շաբաթը մեկ անգամ 90 րոպե շարունակ ջրել ծաղիկները, թե՞ շաբաթը երեք անգամ 30 րոպե։
Լավ կլինի մշակել գիտելիքի յուրացման արդյունավետ պարբերականություն։ Ընդմիջումներով կրկնելով ուղեղ մուտք գործող ինֆորմացիան, այն ամրապնդվում և գիտելիքի է վերածվում․ ուղեղն այդպես հասկանում է, որ տվյալ ինֆորմացիան շատ կարևոր է և ընկալում է որպես ֆունդամենտալ գիտելիք։

✔️ Փոխեք սովորելու ձևը։
Եթե նոր գիտելիքը ոչ մի կերպ չի մնում ձեր հիշողության մեջ կամ դուք այն չեք ընկալում, ապա փոխեք մոտեցումը։ Փորձարկեք սովորելու նոր մեթոդ։ Պետք չէ ուղեղը տանջել անընդհատ նույն բանը նույն կերպ կրկնելով։ Կարող եք փորձել, օրինակ հանդես գալ երկու դիրքից՝ հարց տվողի և պատասխանողի։

💫 Թույլ մի տվեք, որ ձեր միտքը սովորի ստանդարտ մտածելակերպին և լուծումներին, քանի որ սովորությունն իջեցնում է ձեր մասնագիտական պոտենցիալը։
Մարդկային ուղեղը հակված է փորձարկումների, սխալների և հաղթանակների։
💡Գիտե՞ք, թե ինչու են երեխաներն ամեն ինչ արագ սովորում․ նրանք չեն վախենում, անգամ երբ սխալվում են, կանգ չեն առնում ու նորից շարունակում են:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ