Միքայել Կարապետյան – «15. Անունդ»

Սառած մատներս թող պատուհանիս,
Պատած գոլորշով, անունդ գրեն,
Դրա հետ մեկտեղ, նկարեն դեմքիս,
Ժպիտ մի կտոր, պարզ ու քնքշորեն։

Անունդ գրված հայելուս վրա,
Թող դաջի քամին, սառի, ամրանա,
Միայն թե լույսը` առավոտ բացվի,
Ժպիտս չառնի, հալեցնի, գնա։

Չորս տառ է տպվել պատուհանիս,
Այնքան գեղեցիկ, պարզ ու հաճելի,
Չորս եղանակները` սկսել եմ սիրել,
Այդ անվան շնորհիվ, մաքուր ու բարի։

Եվ լուսաբացին` արևը բացվեց,
Բարևեց նորից համայն աշխարհին,
Բայց պատուհանիս, շողքն իր չփռեց,
Կարծես ականջ էր դրել խնդրանքիս։

Կողքից տեսնողը, կարծում էր` խենթ եմ,
Ով պատուհանին է նայում ու խնդում,
Հետաքրքիր չէ, թե ի՞նչ են խոսում,
Անունդ սիրուն` ես շատ եմ սիրում։

«Խուլ մեղեդիներ» (2019 – 2023)
(C) Միքայել Կարապետյան
20.01.2023 02։02 Armavir, Armenia

Ձեզ նույնպես կարող է դուր գալ