Իսկ ինչի՞ շուրջն է պտտվում Արեգակը

Դեռ հնուց գիտուն այրերը ձգտում էին համոզիչ բացատրություն գտնել տիեզերական մարմինների շարժման, ուղեծրերի, շարժող ուժերի մասին։
Լուսինը պտտվում է Երկրի շուրջը, Երկիրը՝ Արեգակի, իսկ ինչի՞ շուրջն է պտտվում Արեգակը։ Այս հարցին 18֊րդ դարում փորձեց պատասխանել անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը։
Ուսումնասիրելով աստղազարդ երկինքը՝ Հերշելը ենթադրեց, որ երկնակամարում երևացող բոլոր աստղերը կազմում են մի վիթխարի համակարգ (այսինքն՝ հենց Ծիր Կաթինը, որը վաղուց հայտնի էր, բայց պարզ չէր՝ ինչ էր)։
Այն, որ Ծիր Կաթինը աղոտ և մանր աստղերի խումբ է, առաջին անգամ կարծիք էր հայտնել հին հույն փիլիսոփա Դեմոկրիտը (մ.թ.ա. մոտ 460֊ մ.թ.ա. մոտ 370թթ)։ Հետագայում կարծիքը մոռացության մատնվեց։ Անանիա Շիրակացին 7֊րդ դարում հայտնեց համանման կարծիք։ Անմիջական դիտումներով դրանում համոզվեց Գալիլեո Գալիլեյը 1609 թվականին՝ իր աստղադիտակով զննելով աստղազարդ երկինքը։
Հետագա ուսումնասիրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին Ծիր Կաթինի մասին։ Պարզվեց, որ Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից շատ հեռու։ Մյուս աստղերի հետ միասին Արեգակը պտտվում է Ծիր Կաթինի կենտրոնի շուրջը վայրկյանում 220֊240 կիլոմետր արագությամբ՝ 200 միլիոն տարում կատարելով 1 լրիվ պտույտ։
Ծիր կաթին անվանումը կապված է հունական դիցաբանության հետ։ Ըստ հայկական դիցաբանության՝ անվանվում է Հարդագողի ճանապարհ։ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնը գտնվում է Աղեղնավոր համաստեղությունում, Արեգակից 27,7 հազար լուսատարի հեռավորության վրա (1 լուսատարին հավասար է 1 տարում լույսի անցած ճանապարհին, այսինքն՝ 9.46 տրիլիոն կիլոմետրի)։ Աստղագիտության մեջ ընդունված կարծիքի հանաձայն՝ Ծիր Կաթինը Տիեզերքի միակ գալակտիկան էր։ Սակայն 1924 թվականին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը հեղափոխական բացահայտում արեց աստղագիտության մեջ՝ փոխելով համընդհանուր պատկերացումը Տիեզերքի կազմության վերաբերյալ։ Իր հզոր աստղադիտակով ուսումնասիրելով Տիեզերքը՝ Հաբլը հայտնաբերեց լույսի անհայտ օջախներ և եկավ այն եզրակացությանը, որ դրանք ոչ թե առանձին աստղեր են, այլ աստղային խմբեր, նաև ենթադրեց, որ Տիեզերքում գոյություն ունի ոչ թե մեկ, այլ անթիվ անհամար գալակտիկաներ։ Գալակտիկան աստղերից, մոլորակներից, գազից, տիեզերական փոշուց, մութ մատերիայից կազմված համակարգ է, որի բոլոր մարմինները պտտվում են գալակտիկայի ծանրության կենտրոնի շուրջ։
Գիտնականների գնահատմամբ, տիեզերքի տեսանելի հատվածում կարող է լինել շուրջ 170 միլիարդ գալակտիկա։ Տիեզերական տարածության մեջ դրանք տեղաբաշխված են խիստ անհամաչափ։ Տիեզերքի որոշ շրջաններում կարող ենք տեսնել միանգամից մի քանի գալակտիկաներ, այն ինչ մեկ ուրիշ շրջանում՝ ոչ մի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ