Միլենա Խեչոյան – «Բոլոր մարդիկ ջերմ ու բարի են ծնվում»

Ի՞նչ է ջերմությունը։ Ո՞վ է ջերմ մարդը։ Կարելի՞ է արդյոք աշխարհը ավելի ջերմ դարձնել, և արդյո՞ք այն հնարավոր է բնակեցնել միմիայն ջերմ մարդկանցով։ Մարդկությունն ինքն իրեն է տալիս այս հարցը հազարամյակներ շարունակ։ Փիլիսոփաները, պոետները, գրողները և այլ ականավոր դեմքեր ջերմության ու բարության թեմային են ձոնում իրենց աշխատությունները, դրանց մասին նկարահանվում են ֆիլմեր, և երբեմն թվում է, որ իրականությունն այնքա՜ն մոտ է, բայց․․․ Այն նորից ու նորից պլստում է մեզնից։ Ես նույնպես հաճախ ինքս ինձ տալիս եմ այդ անպատասխան հարցերը, և ահա թե ինչ մտքերի եմ հանգում։ Սկսենք ջերմություն բառի բացատրությունից։ Ըստ իս, սա այնպիսի բնավորության գիծ է, որը մարդուն տանում է դեպի լավ գործը։ Այսինքն՝ եթե կա ջերմ մարդ, կա նաև անշահախնդիր օգնության ու ձեռք մեկնելու, աջակցելու ցանկություն։ Ինձ թվում է՝ բոլոր մարդիկ ջերմ ու բարի են ծնվում, քանի որ դեռ չեմ հանդիպել այնպիսի երեխայի, ով գիտակցաբար վնասի շրջապատն ու մարդկանց։ Հակառակը, նրանք այնպիսի խղճով են մոտենում կենդանիներին, կարիքավոր մարդկանց, հոգ են տանում իրենց ամենափոքր խաղալիքի մասին անգամ։ Բայց հետո, երբ հասակ ենք առնում, շատերի մոտ այդ մաքուր զգացումները հօդս են ցնդում։ Ինչու՞ է այսպես լինում։ Հավանաբար դա նրանից է, որ մեր կյանքի ճանապարհին շատ ենք հանդիպում վատին, անարդարին, դժվարին․․․ Եվ այս ամենը մեզ չարացնում է, ու դառնում ենք անհոգի։ Այն ի ծնե ջերմությունը, որն ունենք, թաքնվում է պինդ վահանի ետևում, որի տակ գտնվում է հոգին․ շատերի մոտ այն նույնիսկ մանրադիտակով չես գտնի … Կարելի՞ է ինչ-որ կերպ ուղղել դա։ Որոշները հավատում են, որ այո, եթե բոլոր մարդիկ հանկարծ հիշեն, թե ինչպիսին են եղել մանուկ հասակում, հայացք նետեն իրենց հոգու խոր անկյուններին ու վանդակից բաց թողնեն «ջերմության թռչունին»։ Միայն եթե դա անեն բոլորը, նույն պահին։ Հասկանալի է, որ սա ֆանտաստիկայի ժանրից է։ Ստացվում է, մեզնից յուրաքանչյուրը ոչինչ չի՞ կարող անել։ Մի՞թե չարժե նույնիսկ փորձել։ Երբ ինձ կլանում են կասկածները, հիշում եմ այն մուլտֆիլմը, որտեղ բոլորը միմյանց առանց պատճառի ծաղիկ էին նվիրում։ Ստացվում էր բարության շղթա։ Պետք էր միայն սկիզբ դնել։ Ասում են՝ ջերմությունը վարակիչ է։ Այն կախարդանքի է նման․ եթե անկեղծորեն ինչ-որ մեկի համար լավ քայլ անես, այդ ինչ-որ մեկը, ջերմության ու երջանկության զգացումով վարակված, նույնպես կուզենա ինչ-որ բարի գործ անել։ Ուրիշին երջանիկ կարող է դարձնել մեզանից յուրաքանչյուրը։ Հնարավորություններ կան ամեն քայլափոխի, պարզապես մենք դրանցից հազվադեպ ենք օգտվում։ Եվ պետք չէ մտածել, որ քո ջերմ արարքը ոչինչ չի փոխի։ Կփոխի՛։ Թեկուզ մեկ մարդու համար, բայց կփոխի։ Նա էլ իր հերթին որևէ-մեկին ջերմություն կնվիրի, ու այսպես կշատանա բարին։ Հենց սրանում էլ կայանում է յուրաքանչյուրիս կյանքի իմաստը։ Կարո՞ղ է աշխարհն ամբողջությամբ ազատվել չարից։ Կարծում եմ՝ ոչ։ Եվ պետք էլ չէ․ չլինի չարը, չենք կարող տեսնել ու գնահատել բարին։ Ամփոփելով՝ ուզում եմ նշել, որ ջերմ մարդը երջանիկ մարդն է։ Ամեն ոք կարող է տարածել աշխարհին ջերմություն՝ երջանկացնելով գոնե մեկ մարդու։ Եթե սա կյանքի սլոգան դարձնենք, երբեք դեպրեսիա ու դատարկության զգացում չենք ունենա, չէ՞ որ բարի քայլի հնարավորություն ունենք ամեն քայլափոխի։ Պետք է միայն սովորել դրանք տեսնել ու օգտագործել։ Մարդի՜կ, բարի ու ջերմ եղեք։ Մի՛ բանտարկեք ձեր կախարդական թռչունին մռայլ ու մութ վանդակում …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ