
Ես Միլենան եմ,16 տարեկան։Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։Սովորում եմ տեղի ավագ դպրոցում։Շատ զգացմունքային եմ և աշխատասեր։Չեմ սիրում <<պարապ>>մնալ,ազատ ժամանակ էլ ինքս ինձ համար զբաղմունք եմ գտնում։Մասնակցում եմ ամերիկյան դեսպանատան կողմից իրականացվող,անգլերենի Access ծրագրին։Անցած տարի մասնակցելով հայ գրականություն առարկայի օլիմպիադային՝զբաղեցրի 2֊րդ կարգը։ Ապագա բժշկուհի եմ։Շատ մեծ պատասխանատվություն պահանջող մասնագիտություն է և,միաժամանակ,դրական լիցքեր պարգևող՝հազարավոր մարդկանց բուժելու և նրանց կյանքերը փրկելու առումով։Ունեմ շատ հոբբիներ։Սիրում եմ երգել,պարել,նկարել,գիրք կարդալ,ֆիլմեր նայել,հելյունագործել։Սրանցից կառանձնացնեմ պարելը։
Պարը ինձ համար մի առանձին մոլորակ է,որտեղ կարող եմ գտնել այն բոլոր դրական էներգիաները ,որոնք ինձ անհրաժեշտ են։Երբ պարում եմ,մոռանում եմ ամեն ինչի մասին և կարծես տեղափոխվում մի այլ աշխարհ,որն ինձ ամենահարազատն է ու ամենաջերմը։Չնայած բժշկուհի դառնալուն,պարը երբեք չեմ մոռանալու և ուսմանս զուգահեռ զբաղվելու եմ դրանով։Քանի որ անդրադարձա պարին,ուզում եմ ձեզ ներկայացնել իմ ստեղծագործությունը,որը պարի,իմ հույզերի և զգացմունքների մասին է։Ի դեպ,առաջին անգամ եմ ստեղծագործել,և պատահական չէ,որ մտքերս միայն պարին են վերաբերում։
Պարը
Հեքիաթ էր թվում ամեն ինչ…Կանգնել էի բեմի հետնամասում և լարված սպասում էի,թե երբ պետք է հնչեցնեն անունս։Սիրտս դեպի պատերազմի դաշտ սլացող ասպետի ձիու արագ ընթացքի նման բաբախում էր։Կամքիցս անկախ ձեռքերս հպվել էին իրար և մարմնիս ջերմությունից կարծես պոկ չէին գալիս։Լսեցի…այո՛,լսեցի այդքան սպասված անունս։Լավ գիտենալով բոլորի սպասողական վիճակը՝ժամանակ չկորցրի և բեմ բարձրացա…
Լսում էի բոլորի ծափահարությունները և զգում բեմի այդքան հարազատ ու ջերմ մթնոլորտը։Թվում էր՝երազ է ,և ուր որ է կանցնի,կչքանա։Հիշեցի ուսուցչիս հրահանգը.<<Ժամանակ չկորցնե՛ս,անմիջապես կսկսես>>և նախապատրաստական դիրք ընդունեցի։
Չնայած հավաքված բազմությանը ,դահլիճում համակ լռություն էր տիրում.բոլորը ոգեշնչող հայացքով նայում էին ինձ և անհամբեր սպասում գեղեցիկ պարիս սկսվելուն։Ինձ մոտ նույնպես անհամբեր սպասում կար,բայց ի տարբերություն բոլորի,ես անհամբեր սպասում էի ավարտին։Միգուցե պատճառը այն էր ,որ այրվում էի ներքին ջերմությամբ։
Գլխով պատրաստ լինելու նշան տվեցի և երաժշտությունս սկսվեց…Պարում էի՝ամեն մի շարժումը նրբորեն կատարելով…Պարում էի՝փորձելով ցույց տալ ,թե ամենևին լարված չեմ,չնայած սրտիս՝վայրկյանը հազար անգամ զարկելուն…Պարում էի ցնորված՝հեքիաթի մեջ,երազանքի գրկում…Պարում էի՝հագուրդ տալով այդքան սպասված ցանկությանս,երազանքիս,չէ չէ չէ ,նպատակիս…Պարում էի՝չնկատելով բոլորի քարացած հայացքները և ուսուցչիս խրախուսող և երջանիկ դեմքը…Պարում էի՝չտեսնելով բեմի մոտ հավաքված,ծաղիկները ձեռքերի վրա պահող երեխաներին…Պարում էի՝չիմանալով,որ այդ ծաղկեփնջերի բազմությունը իմն է լինելու…Պարում էի՝աշխարհից կտրված և անսահման ուրախության ձեռքը պինդ բռնած…Պարում էի՝չհիշելով նույնիսկ շարժումների հերթականությունը…Պարում էի…բայց…չէի պարում,այլ լիովին մտել էի Պարի մեծ դղյակ և զգում էի ամեն մի չնչին շարժումը,քայլը,ցատկը,երաժշտության նոտան…
Թվում էր՝պատրանք է,սակայն մի քանի նուրբ պտույտներից հետո դադար տալը և դահլիճում հավաքված ամբոխին ուշադիր նայելը ինձ ստիպեցին մի փոքր վերադառնալ իրականություն։Պարն ավարտվել էր,բայց հոգիս դեռ պարում էր.այն չէր պատրաստվում դադար առնել։Կրկին լսում էի ծափահարություններ,կրկնակի բարձր,քան բեմ բարձրանալիս էր։Տեսնում էի միայն ինձ մոտեցող ծաղկեփնջերի բազմությունը,լսում էի միայն բոլորի<<բռավո՜>>֊ները ,զգում էի միայն ջերմություն և սեր։Եթե այդ պահին ունակ լինեի խոսելու,ապա հանդիսատեսին և ուսուցչիս մեծ երախտիքս կհայտնեի,բայց ոչ,լեզուս կարծես մոլորվել էր և չկար։
…Անցավ մի քանի րոպե և այս անգամ արդեն ամբողջովին վերադարձա իրականություն։Արդեն լիովին ըմբռնում էի կատարվածը և այն,ինչ կատարվում էր այդ պահին։Ժամանակն էր բեմից իջնելու ,բայց չէի ուզում։Ի վերջո,թեքվեցի դեպի հետնամասը և շա՜տ փոքր քայլերով իջա բեմից…
Կանգնեցի այնտեղ,որտեղ կանգնած էի մինչ բեմ բարձրանալը։Դարձյալ զգում էի սրտիս բաբախյունը,որն ավելի էր արագացել։Հետո…ձեռքիս վրա զգացի արցունքիս կաթիլի սառնությունը ։Այդ սառնությունը շատ դուր եկավ ինձ։Այնուհետև հայացք գցեցի պարային հագուստիս,բեմին,ծաղկեփնջերին,ուսուցչիս և ասացի.<<Վերջապես իրականացավ…>>,և կարմիր ու տաքությունից վառվող այտերիս վրայով հատիկ֊հատիկ գլորվեցին երջանկության արցունքները….