
***
Ես քո մատիտները կսրեմ,
կմաքրեմ մանդարիններ,
կհաշվեմ նռան 366 հատիկները,
կպատմեմ արևի մայր մտնելու մասին,
կկարդամ քեզ համար
Հովհաննես Գրիգորյան,
քեզ հետ.
կջրեմ քո բույսերը,
կսանրեմ մազերդ,
կծափահարեմ միշտ,
կխաղամ դերերդ,
կնայեմ թարթիչներիդ,
կշոյեմ, երբ քնես,
կնեղանամ, երբ ուզես,
կնվագեմ քեզ համար,
քո մաքուր օդը կլինեմ,
քո ամառային արձակուրդը,
քո ամենասիրած սվիտերը,
Հեմինգուեյի ասած`
տոնդ կլինեմ
որ միշտ քեզ հետ է.
կուզե՞ս այդքանը
եթե չէ, ուրեմն`
ինձ մնում է
մազերդ թողնեմ անսանր` բիզ-բիզ,
հեծանիվ գողանամ,
մոռանամ ամենը,
ու գնամ մի տեղ,
ուր թարթիչներդ չկան:
***
Աշխարհի բոլոր լացերի
Վերակենդանացման պահը եկել է
ու կմնա դեռ երկար։
Լաց եղիր,
Լացը եղիր․․․
Լա՛ց, մինչեւ վերջ, միևնույնն է գործից չես ուշանում,
Լա՛ց, օրը երեք անգամ,
ուտելուց առաջ և հետո,
լաց, ուրիշ ոչինչ չի կարելի,
չեն թողնում ոչինչ,
Լաց, էդպես է եղել սկիզբը քո։
Լացով ես ծնվել֊մեծացել։
Քանի կարող ես, լա’ց,
Շուտով դա էլ ձրի չի լինելու։
Մի բոլ, անդադար
եւ ամենակարևորը՝ թաքուն։
Լցրու աչքերդ,
Թե կարող ես` երկուսը հավասար։
Լիքը ծանր թեմա ու առիթ կա թրջելու։
Լցրու աչքերդ ու մի թարթիր։
Լաց, գոնե երեխայի մի բանով նման կլինես,
Լաց, թաշկինակները սպասում են։
Հեշտ է լացից հետո,
Հոգիդ մի լավ կլվացվի,
Լաց էնքան, որ ջրհեղեղ լինի․
Ժամանակը եկել է
Նոր տապան կառուցելու
մի-մի զույգ` ի փրկություն։
***
Հայրը մեր,
Որ երկնքում է
Հսկում է մեր քունը
Նա է, որ
թողնում է լինի
խաղաղությունը։
Արթունների երեսից
սրբում արցունքներ
Կարոտից քամած,
Նա է, որ
Թողնում է հոգու արթնությունը։
Ցորենը շոյող մարդու ճակատից
Սրբում է քրտինքը`
Հողից քամած.
Նա, ով
Թողնում է լինի հացը։
Մանկան երազում
Թիթեռներ է պարեցնում
Նա, ով տվել է մեզ
Թանկ մի օրը։
Հայրը մեր,
Որ այդքան ուզում է
Տեսնել հավատը,
Թողնում է լինի լույս
Եւ լինում է լույսը։
Հայրը մեր,
Որ երկնքում է,
երանի լինի
երկրի վրա
էս նեղ օրերին։
Ախր Նա է
Բնության բունը,
Տերն ամենի
Ապրում է այնտեղ,
Ուր փնտրում են իրեն։
Հետևեք Ինձ՝
Հեղինակ` Մելինե Դավթյան