
«Անչափ չափ»
Դու չափից ավելի չափավոր մի մարդ, Նա չափից դուրս անչափ մարդ տեսակ, Դու չափից ավելի ժպտուն մի էակ Նա չափից ավելի կոպիտ արարած, Դու չափից ավելի խաղաղ ու պարզ մարդ, Նա չափից ավելի խառը, խճճված, Դու չափից ավելի չափին կառչած մարդ, Նա չափից ավելի անչափ արարած։ Բայց քո անչափ չափված, Նրա անչափ չափ չճանաչած Տեսակում ձեր անչափ տարբերված Կա անչափ, չափերից ելած, Չափված աշխարհի չափերը հատած, Անչափությանը մատնված մեծ կապ…
* * *
«Զգույշ եղիր տանուլ չտաս» Զգույշ, որ տանուլ չտաս այն, ինչի հաղթանակից վրա չես էլ կասկածել… Ժամանակը փոշիացնում է ամենը Ժամանակը փոշիացնում է ամենը նյութականից մինչև հոգևոր։ Ու ամեն պահ անհայտության է մատնվում ամենից հաստատունից մինչ ամենից խալխուլ։ Որքա~ն գեղեցկություն, բառեր ու որքա~ն պահեր են արժեզրկվում ամեն պահ։ Ու աշխարհի 2 հակադիր կողմերում մի տեղ մարդկության պակաս կա, մեկ այլ տեղ «ավելցուկ», մի տեղ ժպիտն է կորզում արցունքը, իսկ մեկ այլ տեղ ճիշտ հակառակն է։ Որքա~ն սառնություն է ջերմանում ամեն պահ, որքան մտերմություն դառնում է անծանոթ մի բան։ Փոխվում է ամենից հաստատունը`դառնալով տապալված մի բան, անիրականը դառնում է իրական, երազանքը`նպատակ։ Ու կյանքում ամենից տարբեր և’ լավ, և վատ իրադրությունը կապացուցի. «Դու կփորձես, կհամոզես, որ պայքարն էլ գեղեցիկ է…»
* * *
«Սառնասիրտը»
Լուսաբացը շուտով կբացվի, բայց նա մայրամուտը նույնիսկ չէր զգում։ Արդեն արևն իր պայծառությունը զիջել էր գորշ ու ճնշող խավարին, բայց, միևնույն է, նրա մեջ դեռ չէր եկել այդ պահը, քանի որ շողը մտքի այրում էր նրան։ Մտքեր, որ խառնաշփոթ էին առաջացնում ամենուր։ Մտածում էր, երազում, ժպտում, հետո դեռ մեկ վայրկյան չանցած՝ ինչ-որ անորոշ տխրությամբ լցված աչքերով նայում էր պատուհանից դուրս։
Հենց այդ օրը` մայրամուտից մի քանի րոպե առաջ, տեղի էր ունեցել անսպասելին։
Փողոցով քայլում էր մի լուրջ ու տխրադեմ աղջիկ`նեղ աչքերով, սառը ու չգրավող դեմքով։ Աղջիկը մոտեցավ բակում խաղացող երեխաներին, որոնք խաղում էին իրենց ողջ ուժով ու եռանդով, վազում`կյանք փրկելու ձգտմամբ։
Հանկարծ հեռվում երևաց մի կարճահասակ, կեղտոտ հագուստով, արևից այրված դեմքով երեխա, որ մտամոլոր մոտեցավ խաղացողներին։
-Կարո՞ղ եմ խաղալ ձեզ հետ,- կիսաձայն ասաց նա։
-Դո՞ւ,- ծիծաղելով ասացին երեխաները,- չունես ո’չ գնդակ, ո’չ կարգին հագուստ, ոչինչ ուղղակի չունես, պատճառ չկա քեզ հետ խաղալու։
Աղջկա համար այս ամենը սովորական երևույթ էր,և նա ,արցունքը աչքերում խեղդելով, հեռացավ։
Երեխաները նույն կայտառությամբ խաղը շարունակեցին, բայց եղածը անհետևանք չմնաց «սառնասիրտ» աղջկա մոտ։ Տարիների խորքից եկող մի հուշ սկսեց տանջել նրան։
Մի քանի տարի առաջ էր. իրենց բակում ապրում էր մի ընտանիք, որ անդադար գոյության կռիվ էր տալիս կարծես .ընտանիքի հայրը պատերազմ գնաց անվերադարձ, որդիներից մեկը անհայտ կորել էր։ Այս ընտանիքի ամենափոքր երեխան մի լուսավոր դեմքով աղջիկ էր, որից դաժան կյանքը չէր կարողացել խլել երազկոտ ժպիտը, որ փայլում էր նրա փոշոտ դեմքի վրա։ Աղջիկը ամեն օր բակում եղած փայտի մնացորդները ու ճյուղերի կտորները հավաքում էր, որպեսզի ձմռանը գոնե տունը տաքացնելու մի բան ունենային։
Մի անգամ աղջիկը բակի երեխաներին խնդրեց թույլ տալ միանալ նրանց
և միասին խաղալ։ Բայց սառնասիրտ աղջիկը, քմծիծաղը դեմքին, ասաց.«Գնա՛ փայտ հավաքի’ր.դա քեզ ավելի սազեկան է»…
Ու հանկարծ կրկին բակի երեխաների բարձր ծիծաղն է լսվում։
Եվ հենց այդ պահին տարիներ անց բակում կանգնած` նույն ծիծաղը կարծես զրնգում է աղջկա ականջներում։
Տուն գնաց.անցան ժամեր, ու աչքերը բակի այգուն հառած` նայում էր աղջիկը։ Լույսը բացվելուն պես նա երկար որոնելուց հետո գտավ նախորդ օրը հանդիպած երեխային, առաջարկեց խաղալ և զրուցել, իսկ աղջիկը մեծ սիրով համաձայնվեց.չէ՞ որ բակում նա ոչ ոքի հետաքրքիր չէր։
Սակայն այս ժամանակ նրան կյանքում առաջին անգամ պատել էր մեղքի զգացողությունը։ Նրանք նստեցին բակի նստարանին, երեխան սկսեց պատմել տարբեր պատմություններ, բայց աղջիկը չէր լսում , ամեն բան վրիպեց նրա ուշադրությունից, քանի որ մտքերով անցյալում էր։ Միայն մի պահ ուշադրությունը վերադարձավ, երբ երեխան, ինչ-որ նկար գրպանից հանելով, ասաց.
-Բայց ,ոչինչ, նա կօգնի ինձ, խոստացել է, քանի որ նա հիմա դարձել է ազդեցիկ ու հռչակավոր մարդ։
Աղջիկը նայեց նկարին ու ինչ -որ ծանոթ ժպիտ տեսավ։ Չքավորն էր… ամեն բան փոխվել էր՝բացի երազկոտ ժպիտից, որ կարծես զարդն էր նրա դեմքի։
Աղջիկը ժպտաց, և արցունքի մի կաթիլ հոսեց այտի վրայով…