Միլեն Ղարիբյան – «Ինչո՞ւ այսպես»

Ինչո՞ւ այսպես…
Մենք մեռնում ենք կյանքի ծովում, բայց ոչ սովորական մահով։ Ինչո՞ւ են վայրկյանները մեկը մյուսից գերադասվում։
Մենք սերունդ ենք , որը երբեք չհավատաց, որ ինքը բոլոր սերունդներից ավելի խճճված ձև կապրի։ Մենք սերունդ ենք, որ միշտ կարծեց, որ մահն ու պատերազմը անցյալի էջերի վրա կմնան, միայն անցյալում ապրած մարդիկ ուժ ունեին պատերազմի, մենք անցյալ դարերի մարդկանց հոգու ուժից ապշածներն էինք, բայց մենք ավելի քան ուժեղ էին, փաստացի։ Չէ, մենք պատմությունից չտարբերվող սերունդ ենք, մեկ է, բայց պատմությունից ամենից վախեցած ենք դառնում։ Մենք սերունդ ենք, որը ապրելու արժեքն ամենից բարձր սկսեց գերադասել, մենք սերունդ ենք, որ արդեն իսկ հաջորդ վայրկյանին ավելի ծանր ու դաժան բան լսելու փաստից վախվորած ուզում է վերանալ աշխարհից։
Մեր քարացած հայացքներով ապրողներն ենք, որոնց հոգու դեմքն էլ ժպիտը չգիտի `ինչ է։ Մենք ճոխ, բայց անտարբեր բառերով խոսվող պատերազմին հավատացողներն էին, մենք կարծում էինք, որ գեղեցիկ ու մաքուր ձեռագրով գրված պատմությունը պատերազմից բան էր մեզ պատմում… ցավոք, ոչ… Բառերը պատերազմի մասին խոսելուց զուրկ են, բառերը խոսել չգիտեն։ Պատերազմի մասին անխոս կարելի է միայն պատմել. պատերազմը լռությամբ ամփոփված մի անսիրտ ուժ է, որն էլ մարդկանց թուլությունն է. պատերազմը այն սառած աչքերով տղան է իր հայացքով պատմում, որը էլ կյանքի լուսավոր ու մռայլ օրերը տեսնելուց զրկված է, բայց երջանիկ է, դե գոնե ողջ է, պատերազմը անվասայլակին գամված 18ամյա տղան է, որն իր պահած հողին կանգնելուց է զրկվել, պատերազմը ձայներից խլացած տղան է, որ չի լսելու կորած ընկերոջ մահվան լուրը, պատերազմը գերության մեջ ընկած տղան է, որին տանը սպասում են , բայց իրենք են նրա գերի լինելու միֆին հավետ հավատացողները, պատերազմը դեռ գիտակցության չեկած տղան է, որ գուցե տարիներով էլ այդպես մնա, բայց կասենք` ապրում է…
Պատերազմը Եռաբլուրի տղերքն են, որոնց` պատերազմից հետո սիրելիին ծաղիկ բերելու փոխարեն ծաղիկ իրենց են տանում, որոնց անուններն են իսկական հերոսների անունները, որոնք չկան, որ գրքի ավելի թույլ հերոսները` մենք, լինենք, բայց կյանքի գրքին ուժեղներին էին պետք։
Ու ամբողջ մի տիեզերք ինչքան էլ ջանա, որ բյուրավոր մարդկանց գոյությամբ մեկի բացական կիսաներկա դարձնի, մեկ է, միշտ կան մարդիկ, որոնք տիեզերքի լիությունը դարձնում են դատարկություն իրենց բացակայությամբ։ Ու միշտ մեր սրտերի ու հոգիների տիեզերքում մի տեղ մեծ տառերով կգրվի ` <<Այստեղ պիտի լիներ ներկան, բայց պատերազմի հետ ներկան չհամարվեց...>>։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ