
Մետրոպոլիտեն թանգարանը (Metropolitan Museum of Art) գտնվում է Նյու Յորքում: Այն ԱՄՆ-ի ամենամեծ արվեստի թանգարանն է, իսկ 2019 թվականին իր ընդհանուր այցելուների թվով նաև 4-րդը արվեստի թանգարանների շարքում ամբողջ աշխարհում: Թանգարանն ունի 3 մասնաշենք, իսկ գլխավոր մասնաշենքը գտնվում է Նյու Յորքի հայտնի Հինգերորդ պողոտայում (Fifth Avenue):
Թանգարանը հիմնադրվել է 1870 թվականին և ներկայումս իր ցուցանմուշների միջոցով ներկայացնում է ավելի քան 5000 տարվա պատմություն: Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է ավելի քան 2 մլն աշխատանք՝ տեղաբաշխված 17 ստորաբաժանումներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գրադարանը: Այստեղ պահվում են մերձավորարևելյան մշակույթի ավելի քան 7000 նմուշներ, Արևադարձային Աֆրիկա տարածաշրջանից, խաղաղօվկիանոսյան կղզիներից և Ամերիկաներից ավելի քան 11000 նմուշներ, ասիական մշակույթի ավելի քան 35000 նմուշներ, պալեոլիթի ժամանակաշրջանի եգիպտական արվեստի ավելի քան 26000 նմուշներ, մոտ 1500 եվրոպական նկարներ, 15-20-րդ դարերի եվրոպական քանդակագործության 50000 նմուշներ, 17000 նմուշներ հունահռոմեական արվեստից և այլն: Այստեղ պահվում է իսլամական արվեստի ամենամեծ հավաքածուներից մեկը ամբողջ աշխարհում:

Թաս՝ արաբերեն մակագրությամբ, 10-րդ դար
Թանգարանում պահվում են նաև հայկական մշակույթի նմուշներ:

Մեդալիոն, մ.թ.ա 8-7-րդ դարեր

«Ծաղկաշատ ջրաղացի ջուրը», Արշիլ Գորկի, 1944