Մեսրոպ․ «Գործն անձի պես է, և ինքը պետք է ասի, թե ինչ է ուզում»

Երաժիշտ, դաշնակահար Մեսրոպը չի ընդունում հանուն նորաձևության ստեղծվող երաժշտությունը, ասում է՝ իրական երաժշտությունը պետք է սրտից բխի և լինի ականջին հաճելի։ Ըստ նրա՝ երաժշտության առաջնային նպատակն էմոցիա փոխանցելն է, հետևաբար՝ պետք չի գրել, խոսել, բառերի միջոցով ներկայացնել երաժշտությունը։ Պետք է ուղղակի լսել և զգալ այն։ Մեսրոպի հետ զրուցել ենք իր անցած ուղու, դասական երաժշտություն սիրելու և դրանից անվերջ ազդվելու, իր իսկ ստեղծագործական մոտեցումների, աշխատանքային սկզբունքների, ծրագրային երաժշտության անսահման հնարավորությունների, Հայաստանը սիրելու և այլ կարևոր թեմաների մասին։ (https://open.spotify.com/artist/7tGD53VKrIx5G2GRp5RXn5)

Մեսրոպ․- Հայաստանում ես երեք պրոբլեմ եմ տեսնում։ Առաջինը՝ չեմ տեսնում մարդկանց, ովքեր լուրջ և սիրով կզբաղվեին արվեստով։ Երկրորդը աղբն է․ գնում եմ վանքեր, տարբեր եկեղեցիներ, ու ամենուր աղբ կա թափված։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ո՞նց․․․ Եթե մենք էդքան շատ ենք սիրում մեր երկիրը, եթե պաշտում ենք Աստծուն, ինչի՞ ենք կեղտոտում։ Ու ինձ թվում է՝ այս երկու պրոբլեմն էլ բխում են մեր լսած երաժշտությունից՝ ռաբիսից, որ ևս մի պրոբլեմ է։

– Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում։ Կարո՞ղ եք ասել, որ տանն ենք։ Երկար մնալու ցանկություն ունե՞ք։

– Էստեղ ինձ շատ ավելի լավ եմ զգում, ոնց որ տանը լինեմ։ Ճիշտ է՝ այստեղ դժվար է ապրել, վատ բաներ էլ կան․․․ Դե, էնտեղ էլ շատ ավելի վատ բաներ կան, ուղղակի այստեղի վատը ՄԵՐՆ է։  Չգիտեմ, ոնց ասեմ․․․ Ես էնտեղից հոգնել եմ։ Վերջերս 5-6 անգամ համարյա նույն երազն եմ տեսել․․․ Ես ԱՄՆ-ում եմ։ Միշտ ինչ-որ մեկը խաբելով տանում է Ամերիկա։ Արթնանում եմ ու մտածում՝ ո՞նց, ես Ամերիկայո՞ւմ եմ, ինչի՞ եմ եկել Ամերիկա, ո՞վ է ինձ բերել Ամերիկա։ Չեմ ուզում ետ գնալ, բայց գնալու եմ։

Ինչպե՞ս սկսեցիք երաժշտի ուղին: Ո՞վ է ուղղորդել Ձեզ դեպի երաժշտությունը։

– Սկզբում պապաս էր… Սկզբում ակադեմիական երաժշտությունն էր։ 19 տարեկանում գնացի Pasadena City College, մոտ երկու տարի ջազով զբաղվեցի։ Հետո արդեն Northridge, SCUN:

– Ինչպե՞ս սկսվեց բարեկամությունը ջազի հետ։ Ո՞ր պահից որոշեցիք դասականը թողնել և սկսել ջազ ուսումնասիրել։

– Ես դասականը չեմ թողել, մինչև հիմա էլ պարապում եմ, նվագում եմ Շոպեն, Ռախմանինով, Բեթհովեն, Բախ։ Վերջերս Շոպենի 1-ին բալլադն էի (g-moll) պարապում։ Ժամանակին չէի սիրում դասականը, որովհետև ստիպված էի պարապել: Հիմա շատ եմ սիրում, որովհետև ստիպողական ոչինչ չկա։

– Ի՞նչ է լսում և սիրում Մեսրոպը։ Նշված կոմպոզիտորներից ո՞րն է ամենից նախընտրելին, և հատկապես ո՞ր ստեղծագործություններից եք ազդվել, ոգեշնչվել։

– Բոլորից սիրելիները՝ Բեթհովեն և  Շոպեն։ Ամենից շատ սիրում եմ Բեթհովենի, հատկապես՝ նրա միջին շրջանի, գործերը։ Համարում եմ, որ երաժշտությունը բաժանվում է մինչև Բեթհովեն և իրենից հետո փուլերի։ Լսողության հետ խնդիրներ է ունեցել։ Արդեն 5-րդ սիմֆոնիան կամ Moonlight Sonata-ի ժամանակ համարյա չի լսել, ու ապշում եմ, թե ո՞նց է գրել լրիվ խուլ վիճակում։ Էլ չասեմ՝ 32-րդ սոնատում մի փոքրիկ մաս ունի՝ մի քանի տակտ, որ ուղղակի ragtime է։ Շատ եմ հավանում Վագներին։ Շատերի կարծիքով՝ ինքն է հենց contemporary music-ի սկիզբը։ Ես կասեմ, որ դասականներից՝ Բեթհովեն, Վագներ, Շոպեն, ավելի շատ բան եմ վերցնում, քան այսօրվա իմ լսած երաժշտությունից։ Այսօր շատերին եմ սիրում, լսում ու հարգում, օրինակ՝ Lucas Kohl, JPEGMafia, բայց իմ հիմքը դասականն է։

Իսկ իմ ամենամեծ inspiration-ներն են (ոգեշնչման աղբյուր) Համասյանն ու The Mars Volta-ն։ Ջազում «հայրը» Կիտ Ջարեթն է։ Ես նրան լսում եմ ու հասկանում, որ անմիջական, մաքուր երաժշտության հետ գործ ունեմ։

․․․ Վարդան Հովսեփյան, Բիլ Էվանս, Օսկար Փիթերսոն, Ահարոն Պարկս․ գրեթե բոլորին սիրում եմ և լսում։ Փորձում եմ ինձ չսահմանափակել։ Կարող եմ նույնիսկ սիրել և լսել մետալ։

– Քանի որ սկսեցինք նախընտրելի կոմպոզիտորներից խոսել, կարո՞ք եք ասել՝ հայ արդի կոմպոզիտորներից ո՞ւմ եք լսում կամ, առհասարակ, ծանո՞թ եք, թե՞ ոչ։ 

– Նկատի ունեք՝ Բաբաջանյա՞ն, Կոմիտա՞ս, թե՞ ներկան․․․ Ճիշտն ասած՝ հիմա ժամանակակից դասական աշխարհին չեմ հետևում բացարձակապես։ Չեմ կարող պատասխանել։

– Կարծում եք, որ դասականն անհետաքրքի՞ր է։ Ի՞նչ-որ նոր ուղղություններ փնտրելու կարիք չունե՞նք։

– Կարծում եմ՝ եթե Բախը, Բեթհովենը մեր օրերում ապրեին, նրանք դասականով չէին զբաղվի․․․ Դասականն արդեն սահմանափակ է։ Ինչ նոտա որ հնարավոր էր գրել՝ արդեն գրված է։ Հիմա հնարավոր չէ արտահայտվել միայն նոտայով։ Հիմա արդեն գալիս է ձայնը, թեկուզ էլեկտրական գործիքները։ Երբ գործիքը դու ինքդ ես ստեղծում։ Օրինակ՝ հարվածային, որը դու ինքդ ես հավաքել․ ամենից պարզը՝ ինքդ ես ծափ տվել, վերցրել ես ու modulation ես անում, ինչից ծնվում է նոր sound։ Ինձ թվում է՝ սա է ապագան։

– Spotify ծրագրում կարդացի, որ ցանկություն եք ունեցել դաշնամուրը վաճառելու, բայց Ձեր մայրիկը թույլ չի տվել։ Հետո, երբ բացահայտել եք Ableton ծրագիրը, Ձեր շուրջն ամեն բան փոփոխվել է։ Ուզում եմ մի երկու խոսք ասեք այդ շրջանի ապրումների մասին։ 

– Այսպես ասեմ․․․ Երբ հաճախում էի ջազ համալսարան, շատ ուժեղ դեպրեսիայի մեջ էի, որովհետև ինձ համարում էի ամենաթույլը։ Ես չէի զգում, որ միայն ջազ երաժիշտ եմ։ Մարդիկ կային, ովքեր միայն ջազ էին նվագում, ջազ էին լսում։ Ինձ թվում էր, որ ես նրանցից մեկն եմ, բայց էդպես չէր։ Կարծում էի, որ երաժշտության գագաթը ջազն է։ Եթե դու դասական կամ ջազ չես նվագում, ուրեմն բանի պետք չես, ուրեմն երաժիշտ չես։ Հիմա հասկանում եմ, որ շատերն են այդպես մտածում։ Բայց լսի՛ր, ջազը, դասականը հիմա չկան։ Բան չունեմ ասելու․ հիմա շատերն են նվագում, շատերն են լսում, բայց դա այսօրվա ժողովրդի երաժշտությունը չէ։ Այսօր ջազ աշխարհից դուրս ճանաչված երաժիշտներ չկան։ Ինչո՞ւ․ որովհետև ժողովրդի երաժիշտները չեն։ Օրինակ՝ Տիգրան Համասյանը․․․ բայց նա ընդհանրապես ջազ երաժիշտ չէ։ Ինձ համար ինքն ուղղակի Տիգրան Համասյանն է։ Ես հենց դա եմ գնահատում արտիստի մեջ․ երբ չես կարող մեկ բառով բացատրել իր արվեստը։ Եթե դու կարող ես քո երաժշտությունը մեկ բառով բացատրել, ուրեմն՝ ես չգիտեմ, դա շատ վատ բան է։

– Ի վերջո, Ableton ծրագիրն ի՞նչ տվեց Ձեզ։

– Ուղղակի վանդակից դուրս եկա։

– Իսկ նախքան այդ երբևէ փորձե՞լ եք ինչ-որ բան գրել, որպես կոմպոզիտոր ներկայացե՞լ եք։ 

– Համալսարանում մի խումբ ունեի, կոչվում էր Quartet Tarantino․․․ FownBeat Jazz magazine կա․ միջազգային մրցույթի ժամանակ իմ գործերով առաջին տեղն էինք գրավել։ 2016թ․-ին ավարտեցի և չգիտեի ինչ եմ ուզում․ դաշնամուրս էի ուզում վաճառել, ուզում էի music-ի հետ կապված ոչինչ չունենալ։ Ableton-ը գտնելուց հետո հասկացա, որ ամեն բան կարող եմ անել։

– Հիմա որևէ հստակ ժանրային ուղղվածություն ունե՞ք։  

– Ես երբեք չեմ մտածել, որ պետք է կոնկրետ ժանրի շրջանակներում ստեղծագործեմ։ Իմ կարծիքով՝ գործը անձ է, և ինքը պետք է ասի, թե ինչ է ուզում, ինչ sound է ուզում, ուր է ուզում գնալ, ուզում է լուծվե՞լ, թե՞ ոչ։ Ճիշտ ականջով գրելն է․․․ Չնայած չի կարելի ասել՝ ճիշտ է կամ սխալ է։ Ամեն մարդու համար տարբեր է։

– Այսինքն՝ ստեղծագործելու Ձեր մոտեցումը, սկզբունքը ականջին հետևելն է։

– Այո։ Պահ է գալիս, որ չգիտեմ՝ ինչ գրեմ, և հենց այդ պահին օգնության է գալիս ականջը․․․ Ես երգում եմ, ակորդներ եմ փորձում, որպեսզի ականջով հասկանամ, թե ինչ  է ինձ այդ պահին պետք։

– Իսկ ականջին հետևելուց բացի՝ երաժշտական ձևին կարևորություն տալի՞ս եք։  

– Չէ, ամեն դեպքում կառուցվածք կա։ In Dream-ի գործերի մեծ մասը ստեղծվել է դաշնամուրի վրա իմպրովիզացիա անելիս։

In Dream ալբոմին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝ (https://open.spotify.com/album/0MYEbPJDWoukku0P4lVl0H)

– Ինչպե՞ս ներկայացնենք Մեսրոպին որպես կոմպոզիտո՞ր, որպես արտի՞ստ, թե՞ որպես ջազ երաժիշտ։

– Ինձ համար միևնույն է, թե ինչ կգրեն և ոնց կներկայացնեն։ Կարող եք գրել՝ ջազ։ Ուղղակի, հնարավոր է, մարդիկ ինձնից ջազ սպասեն։ Ես ջազ չեմ նվագում․․․ Բարդ է այս թեմայով խոսելը։ Կարծում եմ՝ անիմաստ է ժանր կամ լեյբլ դնել մարդու վրա։ Ուղղակի լսել է պետք։ Մենք երաժշտության մեջ ենք, և ես կարծում եմ, որ բառերով ոչինչ չենք կարող ստանալ։ Երաժշտության իմաստն էլ հենց այն է, որ առանց բառերի էմոցիա փոխանցենք։ Ինձ համար կարևորը միայն լսելն է։

Վերջաբանի փոխարեն․․․

– Իմ ընկերներին միշտ ասում եմ՝ ես մակարդակով ավելի ցածր եմ, քան դուք։ «Դուք» ասելով նկատի ունեմ էստեղ ապրող մարդկանց։ Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանում շատ արագ են մեծանում և լուրջ խնդիրների միջով են անցում։ Մենք էնտեղ պրոբլեմներ չունենք, մենք ենք ստեղծում պրոբլեմը․․․

Ամենից պարզը, որ ասեմ․․․ Դուք ձմեռ եք տեսնում։

հարցազրույցը՝ Էմմա Թորիկյանի

Ձեզ նույնպես կարող է դուր գալ