
Հումորի մեծ զգացում ուներ, երբեք չէր թողնի, որ նեղվեինք կամ մտածեինք, միշտ ելքը գտնում էր ուրախացնելու՝ հիշում է Արտակի քույրը: Արցախյան 2-րդ պատերազմի հերոս Արտակ Ալեքսանի Ստեփանյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 19-ին Հրազդան քաղաքում: Արտակը հանգիստ և խաղաղ բնավորություն ուներ, նշում է քույրը, և շատ խելացի էր,սիրում էր սովորել.
-Սովորել է Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում։ 12 տարի գերազանց սովորելով` 2019 թվականին ավարտել է դպրոցը և անվճար համակարգով ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Խելացիությամբ փայլում էր ամեն տեղ` բոլորիս հպարտանալու առիթն էր։ Մաթեմատիկա առարկայից ամբողջ Կոտայքի մարզում հավասարը չուներ,- պատմում է քույրը:
Քրոջ խոսքով վերջին 5 տարիներին Արտակը ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, հաշվի չառնելով ոչինչ` 2020 թվականի հուլիսի 22-ին նրան զորակոչեցին ծառայելու` Մարտունի 2 զորամասում։ Արտակն անսահման նվիրված էր հայրենի հողին, երբ սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը Արտակը դեռ 2 ամիս էր, ինչ անցել էր ծառայության: Պատերազմի առաջին իսկ օրվանից նա մասնակցել է թեժ մարտերին և որևէ հորդոր հետ չի պահել, հորդորներին ի պատասխան ասել է` «Տղերքին օգնություն ա պետք, եթե ես չգնամ, դու չգնաս, ո՞վ գնա»:
Սիրած աղջիկ ուներ Արտակը, բայց իր ընտանիքը ստեղծել չհասցրեց, որովհետև հայրենիքի սերը վեր էր ամեն ինչից.
-Կռվի ծանր օրերին շուրջ մեկ ամիս կռիվ տալով` եղբայրս ծանր վիրավորում է ստացել երկու ոտքից։ 5 ամիս շարունակ մտածել ենք, որ գերիների խմբում կլինի ու ամեն օր սպասել ենք, որ կգա։ Փետրվարի 14-ին Ադրբեջանական կողմը դիերի փոխանակություն իրականացնելիս եղբորս մարմինն էլ է հանձնել։ Մարտի 15-ը սևով ներկվեց օրացույցում, երբ զանգեցին ու հայտնեցին, որ եղբորս գտել են, սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ մահը վրա է հասել հոկտեմբեր ամսին,- նշում է քույրն ու հավելում,- ացունք ու հպարտությունը կոկորդումս սեղմած ուզում եմ, որ աշխարհում Արտակներ դեռ շատ ծնվեն ու որ եղբորս բոլորը ճանաչեն։