Մերի Գագիկի – «ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ ԷԼ ՉԵՆ ԱՃԵԼՈՒ»

Կռվի դաշտում խատուտիկներ էլ չեն աճելու։ Ու արյունոտ դաշտերը էլ չեն լցվելու դեղին կարոտով, իսկ կապույտ երկինքը խաղաղության աղավնին ուսին էլ հերոսների չի վերցնելու։ Քարերի տակ մնացած մրից սևացած նամակները իրենց հասցեատերերին չեն հասնելու ու արցունքոտ դեմքով աղջկա մատներին էլ երազանքներ չեն խաչվելու։ Ումն էլ որ խաչվի չի երջանկանա, որովհետև առաջիններին ոչ մի հաջորդ իդեալական չի փոխարինում։ Երբ պատերազմը վերջանա, կռվի կեսին սիրած աղջկա համար գործված ոչ մի խատուտիկով թագ տեղ չի հասնելու։ Ու թագուհիները դեղինի փոխարեն անգույն կարոտ են հագնելու։ Ով էլ հետ գնա ու փարվի մորը, մոր շորերին երջանկության հետ մուր է քսելու, ու զինվոր ընկերոջ չորացած արյունը ոչ մի կերպ սրտից չի մաքրվելու։ Կռվի դաշտում զենքերի ձայները լռելու են, որ մոր ձայնը տղային հասնի։ Իսկ երբ պատասխան չլինի հողը կոռնա, քարը կճաքի, արյունոտ խոտն էլ խշխշոց կհանի։ Մեկ է զենքերը էլ չեն գոռալու, կձուլվեն մի օր, իսկ խատուտիկներ աճելու դեպքում էլ ոչ մի զինվոր տատի թեյի համար չի գլխատելու։ Պատերազմը կվերջանա, իսկ խատուտիկները դեռ կսպասեն իրենց դիպչող հերոսների մատներին։ Պատերազմի դաշտում խատուտիկներ էլ չեն աճելու, որպես՝դեղաբույս, որպես՝սերաբույս…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ