
Առավոտյան կարթնանաս, հորանջելով ու ձգվելով սենյակից դուրս կգաս՝ իբր շատ լավ ես քնել, բայց աչքերիդ տակի կապույտ ցավագնդիկները բեմականությանդ հախից կգան։ Ժպտալով ու մի հիմար բանի վրա ծիծաղով կգնաս խոհանոց ու կձևացնես, թե աչքերիցդ ոչ մի կաթիլ ցավ չի ընկել խեղճ բարձիդ վրա, որը ատամներդ հատիկ ֊հատիկ հաշվել է անզորությանդ ժամանակ։ Մի փոքր աղմկոտ կվերցնես սրճեփը, կբացես ջուրը, կլցնես մեկ ու կես բաժակ ջուր, որ հանկարծ մտքերով հասնես անիծված գիշերդ, սուրճը չթափվի ու բաժակդ կիսատ մնա։ Բայց մեկ է կիսատ է մնում, որովհետև անտանելի ծանր էր գիշերդ։ Սուրճդ կլցնես բաժակի մեջ, կես բաժակ սուրճդ կդնես սեղանին, կվերցնես ջնջոցը ու մատներդ վառելով կսրբես թափված սուրճը։ Ամեն անգամ մատներիդ մրմուռ զգալով երանի ես տալու, որ սիրտդ գոնե այդպես ցավեր։ Կգնաս, կնստես, որ սուրճդ խմես, բայց մեկ է սուրճը կսառի ու տեղում կմնա։ Մտքերիդ ծովում կկորես, իսկ բացված կոնֆետիդ թուղթը խորը հառաչ կհանի։ Հանկարծակի տեղիցդ վեր կթռնես մորդ ձայնից, ով անկախ դերասանություններիցդ կհասկանա ու կզգա, թե ինչ է կատարվում քո ներսում։ Կգնաս սենյակ, որ քեզ կարգի բերես, իսկ նա կիսատ բաժակիդ սուրճը կթափի ու սուրճիդ տակի նստվածքի քանակը կհաստատի տխրությունդ։ Չես հոգնե՞լ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0