Մերի Նիկոյան – «Սպասված երազ»


Լսեցի դռան ձայնը…

– Դու՞ռն է, – հարցրեցի ինքս ինձ։ Այս ո՞վ է ինձ հիշել։ Շտապեցի դռան մոտ։


– Ո՞վ է։

– Ես եմ, – ասաց հարազատ դարձած մի ձայն, որը չէի լսել շատ երկար ժամանակ։

– Դո՞ւ։ Ողջույն։ Արի՛, համեցիր նստիր։ Ի՞նչ կխմես, սու՞րճ, թե՞յ, – ձեռքերս դողում էին, մտածում էի սիրտս հիմա կպայթի։

– Մի բաժակ թեյ, եթե կարելի է։

– Կարելի է, իհարկե կարելի է։

– Ինչքա՜ն բան է փոխվել հեռանալուցս հետո, իմ սիրած ծաղիկներն այլևս չկան, որ դրված էին պատուհանի գոգին… ինչքա՜ն բան է փոխվել․․․


– Թեյը շաքարով չէիր խմում չէ՞։ Կներես, մեկուկես տարի է անցել, ես մոռացել եմ քո բոլոր սովորությունները։

– Թեյը առանց շաքար էի խմում, իսկ հիմա շատ ունեմ քաղցրի պահանջ, շատ եմ զգում քաղցրության պակաս, – ասաց, հետո մեղմ ժպտաց, – կխնդրեմ մեկուկես գդալ լցնես, ոչ ավելի։


– Դե խոսի՛ր, պատմի՛ր, ինչպե՞ս են անցնում գարուններդ, – ասացի ես, հիշողություններս գրկած։ Հիշում էի, որ ամեն տարի գարնանը իր համար հավաքում էի գարունավիրուս, որովհետև սիրում էր, ու ժպտում էր իմ ամենասիրելի ժպիտով։

– Գարուններս նույնն են, օրերիս նման, մի բան է փոխվել միայն, ինձ այլեւս ոչ ոք գարունավիրուս չի նվիրում, թե չէ մնացած ամեն ինչ նույնն է, իսկ քե՞զ մոտ։

– Ինձ մոտ էլ մեկուկես տարի առաջ մի բան փոխվեց, երբ լքեցիր աշխարհս․․․ տունս․․․ հոգիս․․․ և վերջապես սիրտս․․․

– Ի՞նչ է փոխվել..․

Լռություն…


– Ես եմ փոխվել։ Դեն եմ նետել բոլոր վատ սովորություններս, թողել եմ ծխելը ու հետևում եմ առողջությանս, չեմ խմում, հաճախակի ջրում եմ ծաղիկները, ինձ բանտարկել եմ քեզ ծանոթ իմ աշխարհում, ու ապրում եմ, – ժպտաց, աչքերը փայլում էին, ինչպես երկու տարի առաջ, երբ ամեն օր ներս էր մտնում ու գրկում ինձ։

– Բայց ո՞ւր են ծաղիկները, ես նրանց չտեսա..․

– Տեղափոխել եմ, այնտեղ է՝ մեր սենյակում, ամեն գիշեր նրանց բարի գիշեր եմ մաղթում քո փոխարեն, իսկ առավոտյան երբ արթնանում եմ՝ ջրում եմ, և բարի լույս ասում, մեկուկես տարի է արդեն այդպես է, – ժպտացի կարոտած, ու գրկելու շատ մեծ ցանկությամբ։

– Որքա՜ն ես փոխվել, – գրկեց ու լաց եղավ։

– Չեմ ուզում լաց լինես, մաքրիր աչքերդ ու նայիր ինձ, – գիտեր, որ չէի սիրում, երբ լաց էր լինում։

– Չէ՛, վե՛րջ, այլևս չեմ լացում, – արագ մաքրեց աչքերը։

– Ապրես։ Մի բան եմ ուզում հարցնել, Լուի։

– Հարցրո՛ւ, լսում եմ, – շոյում էր ծաղիկներն ու հոտ քաշում։

-Եկել ես, որ նորից գնա՞ս, – հարցրեցի ես՝ կիսաժպտալով։

– Եկել եմ, որ մնամ, եթե թույլ կտաս․․․ եկել եմ, որ ինձ քո աշխարհում բանտարկես ու դուրս չթողնես․․․ եկել եմ, որ այս ծաղիկների պես ինձ էլ խնամես․․․ եկել եմ, որ մնամ, կընդունե՞ս, հեռանալս կներե՞ս..․

– Կներե՜մ, – ասացի ու կարոտած սեխմեցի ինձ …


Գրկեցի ու ներեցի, քանի որ չներել կնշանակեր չսիրել, իսկ ես մեկուկես տարի աղոթել եմ ինձ համար գոյություն չունեցող աստծուն, որ նա վերադառնա…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ