
Մերի Միրզոյան – «Ատելությունը աշխարհը կործանող առաջին զենքն է»
Հայաստանում քրեական ենթամշակույթը չի վերացել, ցավոք դեռ երկար տարիներ ստիպված ենք լինելու ապրել «իրանց պանյատներով» շարժվող մարդկանց կողքին։ Ես ինքս ապրում եմ էնպիսի քաղաքում, որտեղ գողական ենթամշակույթը արմատացած հիմք ունի, Ինչու ոչ նաև կաղապարված ու «դրան սպանելն էլ ա քիչ» գաղափարներով մարդիկ։
Ծնող դառնալուց առաջ պետք է երկար մտածել, սա ես ինքս ինձ ամեն անգամ բացատրում եմ։ Դաստիարակել է պետք մարդ, ոչ թե գազան։ Ու շատ ժամանակ հայրերը հենց էսպես էլ դաստիարակում են իրենց երեխաներին։ Ուրախանում առաջին տված հայհոյանքով, փոքր հասակից սովորեցնում աղջկա/կնոջ վրա ինքնահաստատվել և այլն։
Դանակն ու զենքը գրպանում քայլելը երբեք ինքնանպատակ չի, մի օր դրանք օգտագործվելու են։
Հայկական հեռուստաալիքները ցույց են տալիս, թե ինչպես մարդ կարող է ինչ որ մեկին վնասել ու պատասխանատվությունից խուսափոլ, թե մարդ ապանելը ինչքան հեշտ է։ Բայց երբեք ցույց չեն տալիս, թե իրար հանդեպ հոգատարությունն ու սերը ինչքան կարևոր են։ Մեր TV֊ով նույնիսկ ցույց չեն տալիս թե ինչ կարևոր է խնամել մոլորակը, որտեղ դու ես ապրում, թե ինչ կարևոր է աղբը տեսակավորել, թե ինչ կարևոր է ծխախոտը գետնին չգցել, գետնին չթքել։ Շատ բացթողումներ կան։ Դպրոցներում դասատուները վիրավորում են աշակերտներին ու չեն սովորեցնում, որ մարդու իրավունքները ոտնահարելը, որ անձնական վիրավորանք հասցնելը պատժելի ու վատ արարք է, Մարդը բարձրագույն արժեք է։ Իսկ երբ աշակերտից ստանում են նույնատիպ վերաբերմունք, ասում են. «Երեխան տան հայելին է»։ Ձեր տան հայելին, այո, դպրոցը նաև տուն է, որտեղ հիմք է դրվում երեխայի արժեհամակարգին։
Մարդու իրավունքները, մարդկային արժեքները ծնված օրվանից է պետք սերմանել։ Ծնողներից շատերը երբեք չեն լսում իրենց երեխաների խնդիրների մասին, երբեք չեն խոսում ու ինքնանպատակ թողնում են մեծանան, սխալ արարքի ժամանակ բացատրելու փոխարեն ծեծում են, խեղում ու արդյունքում հասարակության համար վտանգ ներկայացնող անձ կերտում։
Սերմերը հողի մեջ գցելուց հետո, դուք պարտավորվածություն եք կրում այդ սերմի հետագա զարգացման համար, որ արևը, ջուրը, սերը կծաղկեցնեն, իսկ խավարն ու անտեսելը կկործանեն։
Վատ արարքին նույն կերպ պատասխանելը ձեզ ոչ մի կերպ չի արդարացնում։ Հենց երեկվա դեպքը, երբ ԱԺ դահլիճում թիրախավորելով կնոջ սեռը փորձեց արվեց ավելի բարձր երևալու։ Ներողություն խնդրելը էլ կապ չունի, դա մտածելակերպ է ու ինքը անկեղծ ասել է այն ինչ մտածել է այդ պահին։ Երեկվա կատարվածից հետո ԱԺ֊ում, ոնց կարելի է ասել որ իրենք Բարձրագույն ՕՐԵՆՍԴԻՐ մարմին են։
Ոչ, ես հակահեղափոխական չեմ, ուղղակի մատնանշում եմ սխալները, իսկ կառավարության փոքր հաջողություններով ուրախանում։ Ի վերջո մենք ապրում ենք այս երկրում ու ինձ համար էական չէ, թե որ իշխանության օրոք կլինեն բարեհաճ բարեփոխումներ։
Սիրեք իրար, որովհետև ատելությունը աշխարհը կործանող առաջին զենքն է։