Մերի Գագիկի – «Մամ…»

Մամ, տես քեզ մոտ եմ եկել։ Ծնկել եմ ասածդ չարածներիս համար, ներում եմ խնդրում։ Մամ, նոր եմ հասկանում, թե քանի սխալ ճիշտ կանեի, եթե ասածդ բառերի, տվածդ խորհուրդների գոնե կեսը լսեի ու անեի։ Մամ խիղճս խորհուրդներիդ դիմաց այնքան է ծանրացել, որ սխալներս կանգնել են կոկորդիս ու աչքերիս մեջ կաթիլներ են հավաքել։ Մամ, արդեն գիտեմ, ես հասկացել եմ, որ սա այն կյանքը չէ, որը մնաց տունտունիկիս ու անշունչ տիկնիկներիս մեջ, որոնց ես էի շունչ տվել։ Մամ, արդեն գիտեմ, որ ժամանակին համընթաց ամեն բան հեքիաթից դուրս է գալիս ու հականիշորեն կանգնում է ճանապարհիս։ Մամ, սխալը կիսատ թողնելով ու նոր խաղի սկիզբ դնելով, ձախողություններին էլ վերջ չեմ կարող դնել։ Ձեռքիս տիկնիկը մեծացել ու ինձ լքել է, ու էլ չի ուզում, որ խնամեմ նրան։ Մամ, կյանքս խնամելու ժամանակն է, գիտեմ։ Այն ժամանակ կյանքս սկսվում ու ավարտվում էր աթոռներով ու հին կտորով կառուցած տնակիս մեջ, իսկ հիմա արդեն ես եմ կյանքինը։ Մամ, գիտեմ, արդեն ամեն բան իրական է, ամեն բան իրական կյանքիս շունչ տալու համար է։ Մամ, կներես ինձ, խնդրում եմ ներիր ինձ այն չարած արարքների համար, որոնք պետք է անեի, բայց չեմ արել։ Ներիր ինձ այն գրկախառնությունների համար, որոնք պետք է քեզ հետ լինեին, բայց ես ուրախությունից միշտ տիկնիկիս եմ գրկել։ Մա՜, ծնկում եմ սիրուդ ու գրկաբացությանդ առաջ ու խնդրում եմ, որ ցույց տաս նախկին հեքիաթիս ու իմ ձեռքով կառուցած տնակիս ճանապարհը։ Ձեռքս բռնիր, ինչպես առաջ, ու ինձ հանիր աշխարհի հեքիաթից։ Ես իմն եմ ուզում, իմը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ