Անասնագոմից զբոսաշրջային կենտրոն | Մենձ Էր


Մոտ մեկ ամիս առաջ բացված «Մենձ Էր» քարայրն արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել ՀՀ -ում և ՀՀ -ից դուրս։



Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին է գտնվում «Մենձ Էր» քարայրը, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: «Մենձ էր» քարայր-սրճարանի հեղինակը, կառուցողն ու տնօրենը Լեւոն Պարանյանն է, Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ:



«Կյանքիս երկար ու ձիգ տարիներին նպատակ ունեի քարանձավը կյանքի կոչել, վարպետաց տուն ստեղծել: Քարանձավը բացեցինք, որպեսզի զուգահեռ բացենք նաև վարպետանց տուն, տարածքն օգտագործենք որպես լսարան, աշխատատեղ ու թանգարան»:

Լևոն Պարանյան – փայտի ստեղծագործության վարպետ, ողջ կյանքի ընթացքում զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ.



Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այնուհետև անասնագոմ, այժմ ներկայացված է որպես թանգարան, ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ էր» անվամբ կացարանը՝ իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։


Ասում են՝ քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որը, ըստ պատմագրության, ժամանակին միացել է Սանահին վանական համալիրին: Քարանձավի ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, գործիքներ, ափսեներ: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը:



Քարանձավը պաշտոնապես բացվել է օգոստոսի 18-ին: Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը: Նմուշների մի մասը «Մենձ էր»-ին նվիրել են, մի մասն էլ գնել են:

«Տարածքը նախ աղբից ենք մաքրել, բացվածքները բացել, 9-10-րդ դարերի նմուշներ ենք տեղադրել: Շուտով արդեն կբացենք վարպետանց տունը, կսովորեն մոռացված մանրանկարչությունը, խեցեգործություն» – Լևոն Պարանյան:



Քարայրի ռեստորանում մատուցվում է լոռվա ավանդական ուտեստներ, գները, ըստ տնօրենի, հարմար են ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաեւ տեղացիների համար: Ապագայում որոշել են կենդանիների կոնտակտային շփումներ կազմակերպել, ներկայումս սիրամարգեր, հավեր ու կռունկներ ունեն:



 

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ