
Դու երբեք չես խոստովանի քո զգացմունքների մասին: Չես խոստովանի՝ ինչպես էր սիրտդ անկանոն զարկում իր ներկայությունից, ինչպես էր ակամայից դեմքիդ ժպիտ հայտնվում, երբ լսում էիր նրա ձայնը: Չես խոստովանի, որ միշտ երազել ես գեթ մեկ անգամ գլուխդ հենել նրա ուսին ու կտրվել աշխարհից: Դու երբեք չես խոսի այն մասին, թե ինչպիսի հանգստություն էիր զգում իր կողքին: Որ նրա աչքերին նայելիս՝ միշտ ձեր ապագան ես պատկերացրել: Չես խոստովանի՝ ինչքան շատ ես նրան սիրել ու սիրում: Չես խոստովանի, թե ինչքան թանկ ու կարևոր է նա քեզ համար: Գուցե ամեն ինչի պատճառը հենց քո չխոստովանե՞լն էր: Եվ այսօր, քո սրտում խեղդելով սերը, աչքերումդ սպանելով նրա հայացքը, սիրտդ տալիս ես օտար մեկին: Դու զրկում ես այդ նուրբ օրգանին իր ապաստանից ու հանգստությունից: Զգալով ուրիշի ներկայությունը՝ դու հիշում ես նրան՝ քո չստացված, բայց միևնույն ժամանակ ամենամաքուր ու ամենաանկեղծ սիրո հասցեատիրոջը: Ու այսքանից հետո դու անմտաբար կստես ասելով, որ երբեք էլ կարևորություն չես տվել իրեն ու իր երանելի ներկայությանը: