
Ու երբ կհոգնես աշխարհից, մարդկանցից առօրյա հոգսերից, կհիշես Նրան՝ փոքրամարմին ու ժպտերես մեկին, ով երբեք ոչնչից չի դժգոհել: Երբ նեղված լինես, բայց ոչ մեկի ցույց չտաս ու հանկարծ՝ մենակ մնալուն պես ազատություն տաս արցունքներիդ, դատարկես ներսիդ ցավը, կհասկանաս, երբ ինչ որ պատճառներով նեղվում էր, բայց ցույց չէր տալիս ու կմտածես.«Երևի Ինքն էլ, երբ մենակ էր մնում, բոլորից թաքուն արտասվում էր»: Երբ ինչ որ բանից դժգոհես ու փոխադարձ պատասխանը ստանաս կհասկանաս, որ Նա երբեք չի դժգոհել, այլ միշտ հնազանդ ու լուռ ենթարկվել է: Երբ սիրո պակասից խելագարվես ու պատառոտես սեփական վերմակդ, կհասկանաս, թե նեղված պահերին ինչի էր քեզ գրկում այնքա՜ն ամուր ու սեղմում կրծքին : Երբ ուզենաս խոսել, բայց հարմար մարդ չգտնես, կամ էլ պարզապես չկարողանաս անկեղծանալ, կհիշես ինչպես էր անհասկանալի բառերով մրմնջում, համբուրում ճակատդ ու ժպտում: Երբ հասկանաս, որ այն ամենի համար ինչ հիմա ունես, պարտական ես ինչ որ մեկին, չմոռանա՛ս, գրկել Նրան ամուր ու ասել՝«Շնորհակալ եմ ՄԱ՜Մ, 9 ամիս կրծքիդ տակ կրելու, անքուն գիշերներիդ,ինձ սիրելու, փայփայելու համար, ինձ կյանք տալու ու ապրել սովորեցնելու համար:
Շնորհակալ եմ իմ ՄԱ՜Մ: