
Մերի Մանուկյան – «Ցնորք»
Երեկ էր, թե այսօր չեմ հիշում հիմա, երբ հոգուս արևները ուշաթափվեցին վարար անձրևներիցդ։Քանի որ շատ էին ուրախության տենչում, գիրկն առան ծիածանն այն յոթգույն, որի գույները խունացել էին քո արտասվաթոր աչքերից, որոնք շվարել էին այդ բնության հրաշքը տեսնելիս, որին ցանկանում էին աշխարհի ութերորդ հրաշալիք անվանակոչել։Հետո արևները հոգուս բարձրացան աճուրդի, անկրակ էին, անճրագ։Գուցե և վշտացել էին մի ակնթարթ։Բայց արեներս աննկատ անցան քո փոթորկուն քամիների միջով, միախառնվեցին ու չքացան գեթ մի լուսնկա գիշեր։Ու այս անուրջներում հյուսեցին մի հեքիաթ վսեմ, որտեղ նախապես բեմադրված չէր սերը, որտեղ տիրող հայացքների թակարդում կարոտ չէր բուսնում, ուր մնաց, թե բողբոջեր։Ուր ամեն ինչ կախարդված էր տիեզերական խոսքերով, ուր լռություններն անխոնջ, չէին խենթանում այդ ցնորքներից այլ շարունակ երգում էին կամ քթի տակ մրմնջում հոգու անդորրի մասին։Խելագարվելու չափ աշունն էր անգամ թախծել, տերևներին իր տվել էր քամուն ու ծափահարում էր, որ այդպես պարախումբ էին ստեղծել։Ի~նչ ժամանակներ են. օվկիանների մակընթացության, հոգիների փոթորկման, սիրո գարուններ են։Ու այսպես տարեցտարի ամեն անձրև տեսնելիս այլևս արևներս չեն ուշաթափվում, այլ մնում են այդպես աներեր ու ծնունդ են տալիս նոր ծիածանների։
13.04.23թ