Մերի Գագիկի – «Մամ»

Մամ, տեսնո՞ւմ ես ինչ արագ եմ մեծանում։ Մի քանի տարի առաջ քո բարձրակրունկներով ու կարմիր շրթներկով էի ուրախանում, իսկ հիմա արդեն իմն եմ ունենալու։
Ինչքան էի ուրախանում, երբ անուշեղենիդ հոտը գցում էիր բակով մեկ ու երեխաների մեջ ամենավստահ դեմքը իմն էր, որովհետև քո անուշեղենի հոտը ուրիշ է ու շատ տարբերվող։ Աջից, ձախից կանչում էին. «Վա՜խ, էս ո՞ր տնարարի տանից է գալիս», ու այդ պահին գլուխս բարձր ու մաքուր ձայնով գոռում էի. «Ի՜մ, իմ մաման է։ Այ որ մեծանամ, ես էլ նրա նման եմ պատրաստելու»։ Ու հիմա մեծացել եմ ու մեր բակից գրեթե նույն անուշեղենի հոտն է գալիս։ Գրեթե, որովհետև քոնի հոտը ունենալու համար պետք է ճիշտ քո ձեռքերից ունենալ։ Հիմա էլ գոռում են. «Ի՜նչ աղջիկ է, երանի տիրոջը»։ Համեստություն չեմ ասում ու չեմ լռում, ասում եմ. «Աստծու նման կին է մայրս, էլ ո՞նց չլինեի»։ Իսկապես պարծենալու տեղ ունեմ, մամ։
Մա՜մ, բա որ փչում էիր ծնկիս վերքերին։ Ծնկիս վերքերը մի վայրկյանում ո՞նց էիր բուժում մի համբույրով։ Ականջիս ցավից գալարվում էի, չէի թողում դեղը հասներ ցավին, ինչքա՜ն չար էի չէ՞։ Մամ ամեն ցավ բուժում էիր, ամեն ձևով ցավը իմ մեջից հանում էիր։ Հիմա էլ է ցավում, բայց ծունկս չէ, ոչ էլ ականջս ։ Ես խոսք եմ տալիս անշարժ ու խելոք կպառկեմ ու գլուխս կդնեմ ծնկիդ։ Դու հոգիս գտիր ու բուժիր։ Կբուժես չէ՞…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ