Մերի Գագիկի – «Ինձանից կիլոմետրեր այն կողմ ապրում է մի աղջիկ, ով իմ ընկերն է»

Ինձանից կիլոմետրեր այն կողմ ապրում է մի աղջիկ, ով իմ ընկերն է։
Նա ունի ոչ շատ երկար մազեր, ոչ շատ բարձր հասակ ու անասելի գեղեցիկ հոգի, որը ուզում են վնասել։ Նրա աչքերը կանաչ են ու հոգնած։
Նա խոսում է վիրավոր սրտի ու անզորության մասին, իսկ ես ապրում եմ նրա ապրումները։
Իմ ընկերը, ով բավականին գեղեցիկ է, վախենում է փակ տարածությունից։ Գուցե ամիսներ առաջ, երբ աշխատանքից դժգոհում էր, ասելով որ շնչելու ժամանակ չկա, հիմա ուզում է կրկին չշնչել աշխատանքի առատությունից։
Նա գեղեցիկ ժպիտ ունի։ Շատ գեղեցիկ խոսում է սեփական զգացմունքների մասին, ցավի մասին պատմում այնքան ոգևորված, որ ցավ էլ չունենաս, ստիպում է հասկանալ։
Իսկ այստեղ, ավերակների տակ, փակ տարածությունում կա՞ մեկը, ով չի ցավում։
Իմ ընկերը սիրում է կյանքը։ Նա երազանքներ ունի ինձանից ոչ պակաս, նպատակներ ունի, որոնց ուզում է հասնել, ու ուժ ունի, որը փորձում են գողանալ։
Որտե՞ղ է արդարությունը, որ նա վախենում է երազելուց։
Նա իմ ընկերն է,
ինձանից ոչ պակաս գեղեցիկ,
ինձանից ոչ պակաս ուժեղ,
բայց ինձանից շատ հեռու մի վայրում, որտեղ միայն երազում են։
Երբ ընկերս վերադառնա, երևի արտասվեմ այս բոլոր օրերի փոխարեն, որ չեմ կարող գրկել ու ասել` շրջափակումը տանելի է, իսկ պարտությունը` ոչ, իմ հարազատ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ