Մերի Գագիկի – «Եվ մենք մնացինք օրացույցից կախված»

Իսկ ժամացույցը մեզ ժամանակ չտրամադրեց և մենք մնացինք օրացույցից կախված։ Մենք չսովորեցինք, որ ժամացույցի վրա ժամերի արանքում րոպեներ կան, որոնց միշտ ուշադրություն չենք դարձրել, ու կործանվել ենք վայրկյանների մեջ։ Մեզ չտրամադրվեց պահ, որի ժամանակ ոչ մի անհայտ չէր մնա չլուծված, իսկ մենք չհասկացանք, որ թվաբանական գործողություններից հանումն էր մերը։ Մենք հանած դու հավասար է մինուս ես, իսկ զրոն դադարել էր մեզ տասնապատկել։ Ես չգիտեմ՝ ինչ պատահեց, բայց դու նախընտրեցիր հՊԱՐՏՈՒԹՅԱՆ մեջ խեղդվել ու ճահիճ դառնալ երջանկությանս համար։ Ես չեմ հավատում թվաբանական գործողություններին։ Ես չեմ հավատում ժամացույցին, որը մեզ չի սիրում, և որովհետև վստահել ենք նրան՝ անվստահելին։ Նա չի ընդունում իր միջնորդությունը բառերի արտահայտմանը, որովհետև զգացմունքները ժամանակի մեջ սլաքներ են դառնում։ Մենք ամեն բան բարդում ենք ժամացույցի վրա, որովհետև չենք ընդունում, որ իրար ժամանակ տրամադրողը երկուսս էինք։ Ես ատում եմ ժամացույցի սլաքները, որոնք երբեք մեր երջանկության վրա չկանգնեցին…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ