
Մի ամբողջ գիշեր է քեզ եմ սպասում։ Ու արդեն չգիտեմ այդ գրողի տարածը քա՞նի անգամ լուսացավ։ Դու ծղրիդի փոխարեն սերդ չերգեցիր պատուհանիս տակ ու սենյակիս թիթեռը այդպես էլ չիմացավ, որ ձայնիդ կարոտ եմ։ Մենք միասին գիշերով չնստեցինք բակի նստարանին ու քամին մազերս այդպես էլ չքսեց դեմքիդ։ Գիշերս այնքան երկար տևեց, որ արդեն վախենում եմ լույսը բացվելուց։ Լույսը բացվելուն պես սպասումի ժամերը անիմաստ կորցրած րոպեներ կդառնան, իսկ մթության մեջ նկարած դեմքի տարբեր միմիկաներ կցնդեն ու կցնդեմ ես առաջին անգամ քեզ վերջնական կորցնելու պատճառով։ Գիշերը այնքան երկարեց ու դու այդպես էլ չեկար։ Դու չուզեցիր գալ իսկապես, իսկ սրտիս հոտդ քսելու համար եկար երազիս մեջ՝էլի գիշերը։ Գիշերը հայելիների մեջ աղոտ ստվեր է երևում, բայց շունչ ու արտաշունչը շատ պարզ լսվում է։ Ես սիրում եմ գիշերը շնչառությանդ համար, որը ինձ այդպես էլ հասանելի ու լսելի չդարձավ։ Գիշերը չի լուսանում մի քանի օր է։ Ու մի քանի օր է օրացույցիս վրա միայն քո անունն է գրված, բայց օգոստոս ամսվա անձրևի նման ուշանում ես։ Իսկ միգուցե լուսանա՞մ իմ մեջ ու արևի վրա սև շոր գցեմ, այդպես կգա՞ս։ Չես գա, դու ինձանից առավել գիշերը քնել ես սիրում, իսկ ինձանից կարևոր ցերեկվա աշխատանքդ է։ Չես գալու, թող լուսանա, գրողին գաս։