
Նախ, հակիրճ ներկայացնենք՝ ինչ է մարքեթինգային հետազոտությունը։
Այն, ընկերությունում մարքեթինգային ռազմավարության ներդրման փուլում կարևոր, բայց ոչ հիմնարար քայլերից մեկն է։ Չկա մարքեթինգային հետազոտություն՝ չի կարող լինել հաջողված բիզնես մոդել։
Մարքեթինգային հետազոտությունները ենթադրում են՝
- շուկայի ուսումնասիրություն,
- պոտենցիալ սպառողների ուսումնասիրություն
- սպառողների նախընտրությունների բացահայտում
- հնարավոր մրցակիցների բացահայտում,
- սեփական առավելությունների և թերությունների գնահատում՝ տվյալ շուկայական պայմաններից կախված,
- մրցակից ապրանքների/ծառայությունների շուկայական դիրքի գնահատում
Այս շարքը կարելի է շարունակել՝ կախված տվյալ բիզնեսի առանձնահատկություններից, բայց վերոնշյալներն ամենակարևորներն են։
Այսպիսով՝ որոնք են մարքեթինգային հետազոտությունների մասին ամենատարածված միֆերը։
Միֆ 1․ Մարքեթինգային հետազոտությունները հուշում են, թե ինչ նոր ապրանք կամ ծառայություն կարող է հաջողություն գրանցել ապագայում։
Իրականում՝ պետք չէ հուսալ, որ հետազոտությունները կօգնեն ձեզ ստեղծել բացարձակ նոր ապրանք կամ, որ սպառողն ինքը կհուշի նոր ապրանքի կամ կոնցեպտի ստեղծման մասին, քանի որ, սպառողների մեծամասնությունն իր պատկերացումներում հիմնվում է արդեն գոյություն ունեցող փորձի վրա։ Ինքներդ մտածեք՝ կարո՞ղ եք արդյոք առաջարկել այնպիսի գոյություն չունեցող ապրանք և պատկերացնել, թե հատկապես ինչո՞վ այն կարող է օգտակար լինել ձեզ։ Դե, բացառությամբ իհարկե «ժամանակի մեքենայի»։
Եթե շուկան հիմնված լիներ այս պատկերացումների վրա, ապա մենք երբեք չէինք իմանա գունավոր հեռուստացույցի, սմարթֆոնների, խելացի ժամացույցների և այլնի մասին։
Հետազոտություններում սպառողների դերը զգացվում է միայն գոյություն ունեցող ապրանքի/ծառայության կատարելագործման հարցում՝ ինչը փոխել, ինչը բարելավել, ինչպես ապրանքը դարձնել ավելի պրակտիկ և այլն։
Միֆ 2․ Շուկայի ուսումնասիրությունը ինովացիոն ապրանքների կամ ծառայությունների ստեղծման հիմքն է։
Իրականում՝ ցանկացած ընկերություն, որի նպատակն է հասնել ռազմավարական բացարձակ հաջողության, պետք է հասկանա, որ դրան հասնելու միակ ուղին ունիկալ, չկրկնվող ապրանքի ստեղծումն է։ Եվ, որպես կանոն, հենց այս բիզնեսներն են, որոնք տևական ժամանակ շուկայում գտնվում են առաջատար և գերիշխող դիրքում։ Կհարցնեք՝ ինչու՞ հետազոտությունների շնորհիվ հնարավոր չէ ստեղծել նոր շուկաներ։ Որովհետև հենց «շուկայի ուսումնասիրություն» բառակապակցությունը հուշում է, որ մենք ուսումնասիրում ենք արդեն գոյություն ունեցողը։ Հիշենք Հենրի Ֆորդին, ով 100 տարի առաջ սկսում էր մեքենաների արտադրությունը։ Ի՞նչ կարող էր նա հետազոտել, եթե աշխարհում դեռ գոյություն չուներ մեքենա, և հետևաբար՝ մեքենայի շուկա։
Այլ խոսքերով՝ հետազոտությունները տանում են դեպի շուկայի միատարրություն։ Այսինքն, դրանց շնորհիվ դուք կարող եք առանձնանալ շուկայում գոյություն ունեցող միանման ապրանքներից, գտնվելով նորարար և առաջարկելով լավագույն լուծում։ Սակայն, լինել շուկայի բացարձակ լիդեր և ունենալ ռազմավարական հաջողություն, հնարավոր կլինի միայն, եթե դուք ինքներդ շուկան տանեք ձեր հետևից՝ ստեղծելով բոլորովին նոր, ինքնատիպ առաջարկ, այլ ոչ հակառակը։
Շարունակելի․․․