
Երազ՝Երազում
Մթնշաղի անուրջներն են հոգիդ գրկել,
Աշնան հրաշք գույների մեջ հեքիաթ կերտել։
Լույս խոհերդ քնքշություն են սրտում ծնել,
Հավերժի մեջ անմահացած՝ մեզ են հասել:
Անձրևի կաթիլները տողերիդ մեջ բյուրեղացել,
Աշնան համար անդավաճան ընկեր դարձել։
Բնությունը ջի՜նջ մաքրությամբ են ողողել,
Օրերի մեջ կարոտաբույր ծփանք խառնել։
Հիրավի, հայ պոեզիայի պատմության մեջ Վահան Տերյանն առանձնացավ իր նրբաբույր տողերով՝ դառնալով մեզ համար բոլոր ժամանակների աշնան անդավաճան ու սիրելի քնարերգուն: Կարդալով Տերյանի բանաստեղծությունները՝ մտովի դիպչում ես աշնան հմայքին ձուլված նրա ներաշխարհի, նրա նրբին հոգու անձեռակերտ վրձնումներին: Գրողն իր տողերով փորձում էր ընթերցողի համար տեսանելի դարձնել կյանքի մռայլության մեջ կաղապարված մարդկային հոգու այն գույները, որոնք, հաճախ չգտնելով հասցեատեր, խամրում են ներսերում:
Շատերիս համար հոգեհարազատ դարձած գրողը կյանքի ունայնությունն իմաստավորում էր անուրջների գոյության մեջ:
Այո՛, լուսավոր ու վեհ էր նրա մենության մեջ պարուրված թախիծը, որն, ասես, արարում էր երազածին աշնան ջինջ անմեղություն: