Մարիետա Թավաքալյան – «Պոեմ ցավի»

Եթե ցավը լեզու ունենար,
Կասեր, որ արդեն զզվել է հայից

Արևածագի շողերը ելան,
Ներխուժեցին ներս իմ պատուհանից,
Ինձ ավետեցին բարի լուսաբաց,
և ինձ հիշեցրին,որ գիշերն անցավ,
Իսկ ես մոլեգին գիշերում խրթին
Աչք չփակեցի գոնե մեկ վայրկյան
Արևածագի շողերը ելան,
Բարի լուսաբաց ամբողջ աշխարհին
Ամբողջ աշխարհին միայն ոչ հային…
Շու՜տ արթնացե՛ք
Իրար անցե՛ք
Մի բան արե՛ք
Դե՜ մի՛ նստեք
Սեպտեմբերյան ողբերգական մի առավոտ
Լույսը բացվեց
Ա՜խ Տե՛ր Աստված,
Ի՞նչու բացվեց…
Մորս ձայնը վրա հասավ.
֊Պատերազմ է,ընկան տղերք.
Ո՛ղբ,կրկին ո՛ղբ,ո՜ղբ ու ողբ՝
Մայր էր ողբում,
Քույր էր ողբում,
Տատ էր ողբում,
Ազգ էր որբում…
Ո՛ղբ,կրկին ողբ…
Ահով լցված մարդկանց սրտեր

Ցավով լցված մարդկանց սրտեր,
Արցունքով լի մանկան աչքեր,
Մի խոսքով ո՛ղբ,ո՛ղբ ու ո՛ղբ։
Ամբողջ մի ազգ,խեղճ ժողովուրդ
Համախմբվեց, իրար անցավ
Հայրեր,պապեր ու եղբայրներ
Զենքերն առած դիրքեր ելան…
Ամբողջ մի ազգ,խեղճ ժողովուրդ
Համախմբվեց,բռունցք դարձավ,
Ու մի ամբողջ որբ ժողովուրդ
Խաբված, լքված մենումենակ,
Բայց համարձակ ու նվիրված
Հայրենիքին պաշտպան դարձավ։
Համախմբվեցինք, մի բռունցք դարձանք,
Ցանցեր գործեցինք,
Գուլպաներ առանք
Գլխարկներ գտնե՜նք,
Դիրքեր ուղարկենք
Տղերքը սառան տաք հագուստ է պետք…
Խումբ֊խումբ ջահելներ՝
Աղջիկներ տղերք,
Ցավից միացած,բարեկամացած,
Խարույկ վառեցին,
Շուրջը նստեցին,
Ու մեծ հույսերով երգեր երգեցին…
Կիթառը հնչեց,
Աղջիկը երգեց,
Աղջկա ձայնին ձայներ միացան,
Մի վայրկյան հետո մի մեծ խումբ դարձան.
«Մայրի՛կ, չտխրե՛ս.քաջ որդիդ եմ ես,կռիվս որ տամ,շուտ քեզ մոտ կգամ,քեզ գիրկս կառնեմ ու կհամբուրեմ,մայրի՛կ, չտխրե՛ս քաջ որդիդ եմ ես»։

Երգեցին այսպես,
Հուզվեցին կարծես՝
Ցավից վշտացած,
Վախից կարկամած…
Էլ ի՜նչ էր մնում
Աղո՜թք ու աղո՜թք
Գիշեր ու ցերեկ
Աղո՜թք ու աղո՜թք՝
Մոմավառություն մոտ եկեղեցում
Աստծուց օրհնություն ու խաղաղություն
Աղո՜թք ու խնդրանք
Խնդրա՜նք ու աղոթք…
Օրերն անցնում էիր իրար հետևից
Ամեն օր զոհե՜ր,զո՜հեր ու զոհեր
Անհայտ կորածներ,գերիներ,զոհեր
Մի խոսքով զոհեր,ամեն օր զոհեր
Ժամերն անցնում էին,
Օրեր էին դառնում,
Օրերն էլ անցան ու ամիս դարձան
և ի՞նչ էր փոխվել
Ցավո՜ք, ոչ մի բան…
Ու կրկին ողբ էր
Ամեն օր ողբ էր
Ողբ էր ու ողբ էր։
Եթե ցավը լեզու ունենար,
Կասեր,որ արդեն զզվել է հայից
Զզվել է հայից,
Զզվում է հայից,
Դիպել է հային
Ու պոկ չի գալիս
Եթե ցավը լեզու ունենար,
Կասեր,որ արդեն զզվել է հայից

Արնախում ցեղեր՝քարանձավներից,
Արյունը սիրող ու արյուն խմող,
Որ տզրուկի պես դիպել էին հային
Արյուն էին ծծում ու չէին կշտանում,
Ամբողջ աշխարհին մեր դեմ էին հանում,
Հայ եկեղեցին մեր դիմաց քանդում,
Հայ ժողովրդին մեր դիմաց մորթում,
Ու անմեղորեն աշխարհին հայտնում,
Թե մի խաղաղ օր
Հայերը հանկարծ
Զենքերը առան
Ու կռվի ելան…
Սուտ ու ծուռ,աշխա՛րհ,
Լուռ ու կույր,աշխա՛րհ
Է՜հ աշխա՜րհ,աշխա՜րհ…
Ու կռվի դաշտում
Տղերքը արի
Որը վիրավոր,որը մահամերձ,
Որը մի ոտքով, որը մի ձեռքով
Մի բան էր ուզում,
Մի բան երազում՝
Լոկ խաղաղություն…
Ու ամեն դիրքում մի աղոթատեղ
Քարերից շինված խաչեր էին դրված,
Խաչապաշտ մի ազգ
Աղոթքն իր մտքում՝
Աստծուն էր խնդրում,
Աստծուն աղաչում
Աստված էինք կանչում
Ա՜խ ու՞ր էիր, Աստվա՛ծ,
Երբ քեզ էինք կանչում։
Ցավից կուչ եկած

Վշտին անտարբեր
Ամբողջ մի որբ ազգ
Սևեր էր հագել…
Հիվանդանոցում վիրավոր պառկած,
Խորը վերքերը դեռ չչորացած
Խնդրում էին,խնդրում,
Որ իրենց թողնեն
Կռվի դաշտ գնան,
Հայրենիք փրկեն։
Եվ հայրենիքի փրկության ժամին
Ընկեր կորցրած,ցավից մոլորված
Ու մոլեգնորեն կռվի մեջ մտած
Մեկե տղերքը հիշում էին,Աստվա՛ծ
Ա՜խ ու՞ր էիր Աստված…
Ողբացող մայրեր,տատեր ու քույրեր,
Ընկեր կորցրած մատղաշ աղջիկներ
Սևերը հագած,
Աշխարհից հոգնած
Մի բան էին անում,
Մի բան էին ուզում,
Իրենցն էին ուզում,
Հետ էին պահանջում,
Աստված էին կանչում,
Աստծուն էին խնդրում
Ա՜խ ու՞ր էիր, Աստվա՛ծ։
Դաժան էր, ցուրտ էր,
Օրն արյունոտ էր,
Արյունոտ օրում ողբացող ազգն էր,
Թաղման թափորն էր,
Մարդկանց ամբոխն էր,
Ամեն տեղ սուգ էր,
Իսկ դրսում բուք էր

Բուք էր ու սուգ էր։
Իրար ձեռք բռնած օրերը անցան,
Արևից խանձված այն տա՜ք օրերը
Երևան եկան մռայլ օրերը,
Անձրևից մաշված,արևին կարոտ,
Սգոտ,արյունոտ,մաղձոտ օրերը
Ա՜խ անիծում եմ ես այդ օրերը,
Ա՜խ անիծում եմ նաև այն հոտը
Թշնամու «զորքը»,
Ներքին ոսոխը
Ես անիծում եմ
Ա՜խ անիծում եմ…
Երկիրս դարձավ մի կարմիր խնձոր՝
Դրսից կաս֊կարմիր,
Իսկ ներսից բոսոր,
Ներսից խժռված
Ներսից մասնատված,
Ներսից վաճառված ու դավաճանված…
Ա՜խ անիծում եմ ես այն խժռողին,
Այն վաճառողին,դավաճանողին ես անիծում եմ
Ու ամբողջ հոգով Աստծուն խնդրում եմ
Գոնե այս անգամ աչքերդ բացի՛ր,
Ու հայրենիքիս դու պաշտպան դարձի՛ր
Ա՜խ ու՞ր ես,Աստվա՛ծ,
Ա՜խ լուռ ես, Աստվա՛ծ…
Դժոխքի դռները բացվել էին կարծես,
Բացվել էին իրենց ամբողջ երկայնքով,
Փռել ոտքիդ տակ ու աչքիդ առաջ
Վախի,տագնապի խորը զգացում,
Եվ տեսարանը վախ էր հարուցում,
Եվ տեսարանը սրտեր էր մաշում,

Սարսուռ էր ուզում,արցունք պահանջում.
Վառված դիակներ աջ ու ձախ ընկած,
Ձեռքեր ու ոտքեր ցիրուցան եղած,
Հողածածկի տակ,ոտքերիդ առաջ
Պատանու աչքեր քեզ վրա չռված…
Սպանդ էր,ջարդ էր,
Ախ էր ու վախ էր,
Իսկ տեսարանը վատից էլ վատ էր։
Այն դժոխական գերեզմանոց էր
Ոչ սովորական մի գերեզմանոց,
Որոնք ուռճացած հայերն եմ շինում,
Կարծես ինչ֊որ բան ապացուցելու,
Այլ անմարդկային մի սպանդանոց,
Որտեղ ոչ միայն հայերն էին մեռած,
Այլ հայերի դեմ պատերազմ ելած
Ուրիշ այլ ազգեր
Հայ էր թե թուրք էր,
Ա՜խ գուցե քուրդ էր
Լոկ Աստված գիտեր։
Ցավոտ օրերը երկար ձգվեցին,
Քառասունքորս օր դիմակայեցինք,
Կարծես ամեն բան լավ էր ընթանում,
Կարծես ապրում էինք մենք մի զնդանում,
Որտեղ ապրում էինք կերակրվելով
Ոչ թե մի կտոր հնացաց հացով,
Այլ լավ համամված մի պատառ ստով…
Ցավոտ օրերը չանցան,մնացին…
Արևածագի շողերը ելան,
Կրկին ներս անցան իմ պատուհանից,
Կրկին արթնացա ես մորս ձայնից.
֊Շուտ արթնացե՛ք,
Իրար անցե՛ք

Պատերազմը ավարտվել է,
Մեր հողերը հանձնվել է
Ցավոտ օրերը նոր սկսվեցին…
Իր «Բիբլիականում» Շիրազն ասել է,
Որ ցավը միայն մարդուն է հարիր,
Իսկ ես ի լրում կասեմ Շիրազին,
Որ ցավը միայն հային է հարիր,
Եթե ցավը լեզու ունենար,
Կասեր,որ արդեն զզվել է հայից,
Զզվել է հայից,զզվում է հայից…
Նոյեմբերյան մի առավոտ լույսը բացվեց
Ա՜խ տե՛ր Աստված ի՞նչու բացվեց…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ