Երբ կողքիդ կա հրաշալի թիմ, ամեն բան լուծելի է դառնում / Մարիամ Սուքիասյան

Հրազդանում նախատեսվում է նոր ծրագիր, որը ուղղված է համայնքի զարգացմանը, այս ամենի շուրջ զրույցում պատմում է ծրագրի ղեկավար Մարիամ Սուքիասյանը.

Վերջերս մեկնարկել եք «Երիտասարդները` հանուն համայնքի զարգացման» ծրագիրը, մի փոքր կներկայացնե՞ք այն:

Առաջինը ուզում եմ նշել, որ ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում: Ծրագիրս ուղղված է Հրազդան համայնքի երիտասարդներին համայնքային աշխատանքներում ակտիվորեն ներգրավելուն, մասնակից դարձնելուն: Փորձելու ենք ստեղծել համագործակցային մոդել, որի շրջանակներում ուսումնասիրվող մոդել ենք ընտրել ք. Կապանի ՏԻՄ-երիտասարդներ համագործակցությունը: Արդյունքում փորձելու ենք բարձրացնել երիտասարդների ակտիվությունը համայնքային աշխատանքներում:

Ձեր կարծիքով ինչու՞ են երիտասարդները պասիվ համայնքային աշխատանքներում:

Կարծում եմ առաջնային պատճառներն այն են, որ կա իրազեկվածության և համապատասխան մարմնի բացակայության խնդիր, որը, ըստ իս, կարող է լինել հենց Երիտասարդական խորհուրդը:

Իսկ ինչու՞ Կապանը:

– Երբ պետք է գաղափարս ներկայացնեի որպես դրամաշնորհային ծրագիր, հանկարծ մտաբերեցի, որ ք. Կապանը 2019 թ. ճանաչվել է «ՀՀ 2020 Երիտասարդական մայրաքաղաք», ինչը ենթադրում է, որ բավականին առողջ և ճիշտ համագործակցություն կա համայնքի ներսում, այդ իսկ պատճառով էլ որոշեցի ընտրել Կապանի մոդելը:

Կկիսվե՞ք Ձեր զգացողություններով:

– Անկեղծ ասած շատ հետաքրքիր և տարբերվող զգացողություն է. կարծում եմ հետաքրքիր գույն կբերի համայնքիս գոնե մի խումբ երիտասարդների կյանքում: Իհարկե մեծ պատասխանատվություն է նման ֆորմատով աշխատանք կատարելը. պետք է պատվով դուրս գալ…

Իսկ ովքե՞ր են մասնակիցները:

-Մասնակիցները Հրազդանի երիտասարդներն են, որոնց շարքում նաև պետք է լինեն արցախցիներ, ովքեր բնակություն են հաստատել Հրազդանում, որպեսզի նաև օգնենք նրանց սոցիալականացմանը, ադապտացիային` իրենց համար նոր համայնքում:

Ի՞նչ սպասելիքներ ունեք այս ծրագրից:

– Սպասելիքներս մեծ են. ուզում եմ մեր երիտասարդները իրենց կարևոր զգան սեփական համայնքում, հասկանան, որ կարող են շատ փոքրիկ բայց կարևոր ներդրումը ունենալ սեփական համայնքի զարգացման գործում:

Չկա՞ր վախ, որ գուցե չստացվի. եթե կար ի՞նչը օգնեց հաղթահարել այն:

– Իհարկե կային վախեր, և ընթացքում էլ երբեմն դրանք առաջանում են, բայց, երբ կողքիդ կա հրաշալի թիմ, ամեն բան լուծելի է դառնում, բոլոր վախերը հաղթահարվում են իրենց շնորհիվ:

Եվ վերջում, ըստ Ձեզ ինչպե՞ս մոտիվացնել հայ երիտասարդին այսօրվա դժվար պայմաններում որևէ լավ, բարի գործ անելուն` հայրենիքի կամ սեփական համայնքի համար:

Կարծում եմ Ձեր նշած մոտիվացիան ստեղծելու համար մեր երիտասարդներին կդիմեմ Գ. Նժդեհի հետևյալ խոսքերով. «Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը»…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ