Մարիամ Սարգսյան – «Ակվարիում»

Ամեն օր ,նույն ժամին,աղջիկը դուրս էր գալիս տանից զբոսնելու ։ Սիրում էր քայլել այնտեղ, որտեղ մարդիկ են քիչ, բայց ծառերը շատ,որտեղ մարդկային ժխոր չէ, այլ միայն բնության ձայնը`  ծղրիդներ, թռչուններ, բվեր… Նա քայլում էր դանդաղ՝ նայելով ամպերին, որ երկնային աշխարհի դարպասներն են , արևին` որ վերակենդանացնում է մարդկային հոգին…Այ սա էր իր սիրելի պահը, լուռ, հանգիստ, կատարյալ անդորր։ Այժմ ժամանակն էր քայլելու մարդկանց միջով , չէր սիրում այս պահը, բայց այլ միջոց չկար։ Խորը շունչ քաշեց ու սկսեց քայլել դեպի մարդիկ , դեպի քաղաքային կյանք, որից ինքը միշտ խուսափում էր։Նա լսում էր մարդկանց բվվոցը. ոմանց բամբասանքը, ոմանց վեճը, ոմանց իմաստազուրկ խոսակցությունը ու շտապում էր, որ արագ ազատվի այդ քաոսից ։ Հանդարտությունը որ քիչ առաջ էր զգում արագ չքացավ ։ Սիրտը տեղում սառեց. հենց իր առջև մեքենայի անիվների տակ արյունաքամ շունն էր վնգստում։ Ասֆալտի վրայով անմեղ շան արյուն էր հոսում ։ Արյան ամեն մի բջիջ իր մեջ պարունակում էր շան կյանքի պատմությունը.. Աղջիկը դողում էր, նայում շան կիսամեռ աչքերին , շան հայացքի մեջ շատ հարցեր կային ու ափսոսանք կիսատ թողած կյանքի համար ։ Աղջիկն ու շունը նայում էին իրար…լուռ տառապանք ։ Շունը սառեց , աղջկա հոգին էլ ։ Շան վերջին հայացքը դաջվեց աղջկա բիբերի մեջ ։ Վայրենի, մարդկային ժխորի մեջ դեռ անշարժ կանգնած էր աղջիկը ու լուռ կրկնում էր.

– Իմ ակվարիումն եմ ուզում …

Արագացրեց քայլերը դեպի տուն։ Ամբողջ ճանապարհին հիշում էր շան աչքերը Խոր, ու էլի շատ շների հայացքներ, որոնց իր աչքի առաջ էին սպանել, հիշեց իր մանկության ողբը, որ շներին էր ուղղված։ Իսկ լացել չէր ստացվում, լացը քարացել էր կոկորդում։ Հասավ տուն, շրխկոցով բացեց ու փակեց դուռը` ի բողոք  «մարդկանց»։ Փակվեց սենյակում , իր ապակե սենյակում , իր ստեղծած ապահով գաղտնարանում , ուր սուրբ լռություն էր մռնչում, ուր չկար անարդարություն։ Հեռու մարդկանցից։ Հեռու… Ահա, իր ակվարիումի ներսից նայում է երկինք, էնտեղ մեղքեր չկան , էնտեղ անմեղ արյուններ չեն թափվում։ Նարնջագույն արևի կենտրոնում կենդանանում էր շան վերջին հայացքը ։ Աղջիկը մեղմ շշնջում էր.

– Շուն , ներիր մարդկանց , նրանք չեն հասկանում …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ