
Իսկ դուք գիտե՞ք ինչ խաչքար է տեղադրված Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում
Սա 1921 թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանն է։
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի նախաձեռնությամբ 1993 թ. տեղադրվում է հուշաքար Անգլիական այգում, իսկ Ռազմիկ Մարկոսյանի ջանքերով՝ 2008 թ. կանգնեցվում խաչքար-հուշարձան ի հիշատակ 1921 թվ. փետրվարին բոլշևիկ դահիճների ձեռքով սպանված 21 հայ ազգային գործիչների։Ամեն տարի փետրվարի 18-ին հուշարձանի մոտ կազմակերպվում է հիշատակի մոմավառություն։
Խաչքարի վայրը պատահականորեն չէ ընտրված։ Ժամանակակիցների վկայությամբ՝ այնտեղ են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921 թ. փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները։
Խաչքարի ներքևում հիշված են նահատակված գործիչներից հինգի անունները՝ Խմբապետ Համազասպ, Նիկոլայ Ղորղանյան, Հրանտ Տեր-Մարգարյան, Երանոս Թարվերդյան և Լևոն Ենգիբարյան։
Խաչքարի հեղինակը Վաչե Պետրոսյանն է։