Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

էս կապի,
Կապվածության
Ու կախվածության մեջ
Սպանվում ենք ․․․

Մեր մարմինների գծագրերում,
Եզրագծերի արանքում,
Մկանների գործվածքում․․․
Ու Սատանան գիտի,
Թե էլ ուր
Մենք պարտվել ենք իրար՝
Անզորությունից ․․․

Մենք դավանեցինք ամեն ինչ
Աշխարհի բոլոր կրոններով
Ու անհավատ դարձանք։
Կա մի պարզ
Ու մաշված ճշմարտություն՝
Ստեղծողը
Միշտ մոռանում է
Ստեղծածի մասին։
Մենք մոռացվեցինք
Աշխարհի բոլոր կրոննորով
Ու դա
Երևի մեր արժանի պարգևն էր․․․

Մենք լռեցինք ամեն ինչ
Աշխարհի բոլոր լեզուներով․․․
Կա մի պարզ ճշմարտություն՝
Մենք անգրագետ ենք այնքան,
Որ բառ չենք դառնում․․․
Ախր լռել ևս պետք էր,
Ոչ թե իրար մասին
Այլ իրար հետ․․․
Ես լռում եմ ամեն ինչ
Փողոցների գործվածքում,
Գծագրում
Մայթերի երակին․․․

Ես ընկած եմ մի հսկա տուփի մեջ,
Որը դասավորության կարիք ունի
Ուր էս
խառնաշփոթից գլխապտույտ եմ ապրում
Ու հղիանում աքսորի գաղափարներով
Ծննդաբերում փախուստ
Ու մանկատանը հանձնում վերադարձս։
Ու էս կապի,
Կապվածության
Ու կախվածության մեջ
Ծնվում ենք հետ,
Որ գեթ մի անգամ
Ծնվենք ճիշտ տեղում,
Որովհետև,
Ուրիշ տեղում
Նեղվածքը շատ է․․․
Ու մենք թիկունք ենք դարձնում իրար,
Որ հանկարծ՝
Մեզնից չծնվեն
Մեր պես չծնվեն․․․

Մեզ ասում են,
Որ ոչինչ անիմաստ չէ
Ու մենք ուզում ենք հավատալ,
Հավատալ էնքան,
Որ ինքնասպան ենք լինում
Անիմաստության հյուսած պարանով․․․
Մեզ էնքան են պատմում
Եզակիների մասին,
Էնքան ենք փորձում
Գտնել դրանց,
Որ վերջում գամվում ենք
հերթականների հյուսած պարանին․․․
հենց այստեղ եմ
Ես քեզ գծագրում
հա՛, կներես
ես էնքան դավաճան եմ,
Որ քեզ գծում եմ
Ինչի վրա ասես,
Ում վրա ասես․․․
Էնքան անփույթ եմ,
Որ քեզ գծում եմ
ինչ գույնով ասես
Ու էդ գույներից է,
Որ ինձ անվերջ կեղտոտ եմ զգում․․․
Ասում են՝
կարևորի
Ու անկարևորի միջև
Կա սահման
հա՛,
բայց, եթե անկեղծ
մենք դա գծեցինք
կարևորի գնով․․․
Ու եթե էլ ավելի անկեղծ՝
հա՛,
մենք էնքան կարևոր բաներ ենք այրել,
Որ անկարևորները
Չմրսեն ցրտից․․․
Ու հիմա,
Էդ մոխիրների մեջ ենք ընկնում՝
Կտոր-կտոր։
Ատում եմ՝
Կտոր- կտորներից կախված
Անիմաստությունը,
Ատում եմ՝
Էն կարոտը,
Որ բոլոր կրոններով
Ու բոլոր լեզուներով է,
Որ քայլում է բոլոր մայթերով
Ու քնում բոլոր անկողիններում,
Որ ամեն այրված ծխախոտի հետ
Մոխրի փոխարեն
Կրակ է դառնում
Ու քեզ գցում մեջը
Կտոր- կտոր․․․
Երբ լցվում եմ կարոտահոտով
Շենքերը փլվում են
Օտար մեկի գլխին
Էս խեղճ քաղաքը
Հոգնել է փլված լինելուց,
Էդ խեղճ օտարները հոգնել են
Փլատակների ծանր հևոցից
Կներեք,
Ես էնքան էգոիստ եմ,
Որ փլվում եմ բոլորիդ գլխին,
Որովհետև, ինչ-որ մեկը չի գալիս ,
Որովհետև նա
Ով պիտի գա
Չի գալիս․․․

Գիտե՞ս,
Էստեղ օրացույցները
Օրական մի սուտ են հորինում,
Որ գոնե կես կյանք ապրելս ձևացնեն
«Առանց քեզ»-երիցս անդին
Էստեղ՝
Սլաքներն ատում են
Բացակայությունիցդ կախված թելերը,
Որ փաթաթել ես խեղճերի վզին
Բացակադ դրել,
Չքվել գրողի ծոցը․․․
Էդ բացակայությանդ ծխից են
էստեղ բոլորը կուրացել,
Էդ բացակայությանդ փոշին
Սարդոստայններն արդեն
Լույսի արագությամբ է հյուսում
Ու բոլորին
Կտոր-կտոր
Կեր դարձնում իր մեջ։
Էստեղ բոլորն արդեն
Հոգեվարքի մեջ են
Ու էստեղ,
Երբ իրար դեմ նստած,
Իրար ձեռք բռնած
հաղթահարում ենք իրար
Կա մի մեծ կեղծիք՝
Մենք
Նստած ենք սխալ տեղ,
Բռնած սխալ ձեռք
Ու հաղթահարված սխալ հայացքով…
Ու էս քաղաքում՝
Ուր եթե անկեղծ
Մարդկանց ապրելը
Կեսօրից հետո է գալիս
Զգում ես,
Որ ապրելդ վաղուց չի գալիս
Ու եթե էլ ավելի անկեղծ՝
Դա քիչ-քիչ դառնում է նորմալ …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ