Մարիա Հախվերդյան – «Թելադրվել չեմ սիրում»

Ամեն անցնող օրվա հետ համոզվում ես, որ երեկ կյանքդ թելադրանք էր, իսկ այսօր` շարադրություն։
Կյանքն այն շարադրություններից չէ, որ գրում էինք դպրոցում` արդեն քեզ տրված բառերով և գնահատվում օգտագործած բառերի քանակով։
Կյանքն այն շարադրությունն է, որ գրում ես սեփական բառերով։ Դու ես ընտրում եղանակն ու գույները, հերոսներին ու երևույթները, տողադարձերն ու բազմակետերը, ջնջում անցանկալին, առանց վախենալու, որ կզայրանան կյանքի ուսուցիչները և վերջակետ դնում այնտեղ, որտեղից այն կողմ չես ուզում շարադրՎել։
Ամեն անցնող օրվա հետ կհամոզվես, որ սերտել ես չկետադրված իրականության բոլոր քերականական կանոնները։ Կնկատես, որ ապրելակերպդ կատարելագործել է իր հին ձեռագիրը, որ երազանքներդ ավելի համաչափ են դարձել ունակություններիդ։ Կնկատես, որ կյանքի շարադրության մեջ սակավաթիվ են Հատուկ անունները, մեծատառով քչաթիվ անուններ են գրվում, իսկ չակերտների մեջ գրված ոչինչ չկա, ջնջել ես։
Իսկ վերջում շարադրությունդ կգնահատի խիղճդ` կարմիր գրիչով։
Երբ երեկոյան աչքերդ փակելուց առաջ հոգումդ ներդաշնակությունից բացի ուրիշ ոչինչ չզգաս, ուրեմն կյանքիդ շարադրությունը գրել ես անթերի։ Շարադրիր նույն կերպ, բայց երբեք շարադրությունը չփոխարինես թելադրությամբ։ Բայց եթե մի օր ամեն դեպքում փոխարինես, ապա թելադրողը թող լինի միայն խիղճդ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ