Մարիա Հախվերդյան – «Կանգնե’ք իրականության կանգառում»

Կյանքի գնացքը սլանում է շատ արագ` չգիտես թե ո՞րն է լինելու վերջին կանգառը։ Գնացքը շարժվում է ծնված օրվանից և սկզբում այնքան գունեղ են այն ճանապարհները, որով անցնում ենք։ Ճանապարհին անհոգության բույրն է տարածվում` այնքան հեքիաթային է ամեն բան, իսկ ամենուր գնացքի պատուհանից երևում են աշխարհի վրա կախված գունազարդ ցուցափեղկերը` վրան մեծատառերով գրված` ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ։
Մինչև մանկության վերջին կանգառը գնացքը լիքն էր, միշտ մեկը բռնում էր մեր անօգնական ձեռքը, որպեսզի չվախենայինք անծանոթ մարդկանցից, մթությունից կամ էլ պատահմամբ սայքաքելուց։ Բայց շատ կարճ էր մանկության երկայնքով անցնող ճանապարհը և կյանքի գնացքն անսպասելի կանգառ կատարեց մանկության ճանապարհից տարբերվող մի անորոշ վայրում։
Ուղևորները նայում էին իրենց շուրջն ու տեսնում, որ իրենց ուղեկցողների շարքերը դատարկ են, բայց այդ նոր ու անհասկանալի կանգառից գնացքն էին նստում նոր ու անծանոթ մարդիկ։ Ո՞վ էր հոգատարությամբ բռնելու մեր ձեռքն ու պաշտպաներ աշխարհի բոլոր անծանոթներից, միգուցե նրանք մեզ հրեն, ո՞վ էր մեզ փրկելու սայթաքելուց։
Ուղևորները հասկացան, որ իրենց պահանջը` ուղևորություն դեպի իրականություն, իրագործվում է։ Գնացքում բոլորը սովորեցին քայլել ինքնուրույն, սայթաքելուց հետո անտեսելով շրջապատող հայացքները` թափ տալ փոշոտ ծնկներն ու քայլել ավելի համարձակ, բայց առավել զգուշորեն։ Գնացքում բոլորը սովորեցին ապրել առանց ամենահարազատ մարդկանց և կողպեքել նրանց սրտի ամենախոր անկյուններով, փնտրել ամենահարազատներին` նոր ու անծանոթ ամբոխներում։
Գնացքում բոլորը հասկացան, որ պատրաստ են կանգնել իրականության կանգառում։ Նախքան իրականության կանգառը հասնելն ուղևորներին ստիպեցին կանգնել հիասթափության, հրճվանքի, չարության, նախանձի, խղճահարության, նվիրվածության, սիրո և ատելության յուրահատուկ կանգառներում։
Շուտով ուղևորներից մեկը վեր ելավ և ողջ ձայնով բղավեց` «Կանգնե’ք իրականության կանգառում»։ Նրան ոչ ոք չէր լսում, բայց ձայնն արձագանքում էր ինքն իր մեջ` սեփական մարմնում։ Նորից էր բղավում` ոչ ոք չէր լսում։ Ոմանք արդեն լքել էին գնացքը` հասնելով իրենց իրականության կանգառին, ոմանք էլ նույն ճանապարհն անցնելիս կարծում էին մանկության կանգառում են, ոմանք` սիրո, ոմանք` ատելության։
Կյանքի գնացքում յուրաքանչյուրն ինքն է որոշում, երբ կանգնել իրականության կանգառում, բայց կյանքի և իրականության միահյուսված ճանապարհները սկսվում են առաջին ճիչի հետ և չեն ավարտվում, անգամ վերջին շնչով։
Մեզնից հետո էլ շարունակում է ապրել մեր ստեղծած իրականությունը։

Միևնույն է` կյանքի գնացքում բոլորը ահանջում են`
«Կանգնե‘ք իրականության կանգառում» ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ