Մարիա Հախվերդյան – «Դու կսիրես` ՆՐԱՆ»

Դու կսիրես հենց նրան, ում համար դու կլինես աշխարհին անհայտ գույնի հեղինակը, որով կներկես քո ու իր բոլոր համատեղ երազանքները։
Դու կսիրես հենց նրան, ով քեզ չի ստիպի իրեն տեղավորել օրվադ բոլոր ժամերի մեջ, բայց կպահանջի տանիք տալ սրտիդ ամենամեծ անկյունում ու փակել այնտեղ տանող բոլոր ճանապարհները օտարների համար։
Դու կսիրենս հենց նրան, ում համար դու գեղեցիկն ու շքեղագույնը կլինես նախքան գեղեցկության սրահ մտնելը և անփոփոխը` այնտեղից դուրս գալուց հետո։
Դու կսիրես հենց նրան, ում կողքին ազատություն կտաս մտքերիդ, խոսքերիդ շարադասությանը չես հետևի, չես վախենա օգտագործել որևէ բառի ոչ բառարանային հոմանիշը։
Դու կսիրես հենց նրան ով կզայրանա «իմ» դերանունը շորթերիցդ լսելուց, որովհետև կա «մենք»-ն ու «մեր»-ը։
Դու կսիրես հենց նրան, ում կողքին դու ինքնավստահ կքայլես անգամ պատռված ու հնամաշ զգեստով, որովհետև քո շքեղ հանդերձանքը իրեն թեվանցուկ քայլելդ է։
Դու կսիրես հենց նրան, ում կողքին դու կդառնաս ավելի սկզբունքային, բայց երբեք չես փորձի նրան փոխել հանուն քո սկզբունքների։
Դու կսիրես հենց նրան, ում կողքին գիտակցությունդ այլևս հասարակության կարծիքներից կառչած չի մնա, իր սրինգի տակ օրորելով ցանկություններդ։
Դու կսիրես հենց նրան, ում երազանքներր կդառնան Ձեր համատեղ նպատակները։
Դու կսիրես հենց նրան, ում կողքին չեն կեղծվի իրական հոգիդ ու դեմքդ։
Դու կսիրես հենց նրան, ում կսիրես անառիթ։
Դու կսիրես հենց նրան, ում սիրելու մասին աշխարհին չես բղավի, որովհետև կունենաս քո հորինած գույնով ստեղծված Ձեր համատեղ անհայտ աշխարհը, որտեղ չեն ապրում օտարները։
Դու կսիրես, հենց ՆՐԱՆ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ