Մարիա Հախվերդյան – «Ես, վրձինը և հոգին անգույն»

Առնում ես կյանքիդ բոլոր գույները,
Մտնում ես հոգու մի դատարկ կտավ,
Այնքան անփայլ են պատերը խորշած,
Որ ներս չմտած հանգում է հոգիդ։

Քեզ հետ տանում ես գույներդ բոլոր,
Ներկում ճաքերը` անշուք պատերի,
Բայց նույնն է հոգին` չի փայլում դարձյալ,
Իսկ քո գույները` վերջացան ահա։

Ա՜խ սխալ են շինված հոգու պատերը,
Այնքա՜ն են փխրուն, այնքա¡ն թուլակազմ,
Կյանքի մի ապտակ` թույլ քամու տեսքով,
Եվ օրորվում են սյուները արդեն։

Ների՜ր բարեկամ, քիչ են գույները,
Իսկ իմ վրձինը շատ է բարակել,
Անզոր եմ ներկել անշուք պատերը,
Երբ մի ապտակից անգույն ես կրկին։

Ա՜խ արձագանքը պատերն է ճեղքում,
Խենթ բղավում են մտքերը անմեղ,
Չեն ուզում ապրել անգույն տնակում,
Եվ հորինում են մի նոր հոգետուն:

Ա՜խ միշտ լքյալ են այն հոգիները,
Որ չեն հորինել գույները կյանքի,
Ինչքան էլ հյուր գան` գույները առած,
Պատերն անշուք են գնալուց հետո։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ