Մանե Մկրտչյան – «Ինձ մի կտոր ժպիտ»


Ինձ մի բաժակ սուրճ բերեք ու մի կտոր ժպիտ։

Թողեք ժպիտով սուրճս վայել եմ ու նրա մասին խոսեմ։

Գիտե՞ք, մենք այդպես էլ սուրճի սեղանի շուրջ չնստեցինք, չքննարկված թեմաներն էլ օդում թողեցինք։

Ինձ մի շիշ գինի բերեք, կարոտելու ժամն է եկել, կարոտս գինու շշի մեջ պիտի թաղեմ։

Կենաց խմել չեմ սիրում, բայց միշտ էլ խմում են նրանց կենացը, ում կարոտում են։

Քեզ եմ կարոտում սիրելիս, կենացդ լինի։

Ինձ թուղթ ու գրիչ տվեք, նրա մասին պիտի գրեմ։

Հետո տողերս նրան կտաք ու կասեք,որ անպայման ընթերցի։

Ոչինչ չափազանցրած չեմ գրելու ու ոչ էլ կեղծելու եմ։Իր իրական ԵՍ-ի մասին կգրեմ։

Ինձ կասեք, երբ տեսնեք ընթերցելիս մի կերպ է զսպում զգացմունքները։

Այդժամ ես գիրք կգրեմ իր երևակայական սիրո մասին։

Առաջին օրինակն էլ նրան կտամ, թող ավելի ցավ ապրի ու հասկանա ինձ։

Երբ գրքի համար ինձ գովեստի խոսքեր ասեն, ես գլխավոր հերոսի անունը կտամ։

Ինձ ուժ տվեք, որ կարողանամ դիմակայել ցավին։

Որ այս պայքարում հաղթանակած դուրս գամ ու չչարանամ մարդկանց հանդեպ։

Հաղթեմ հիասթափությանը ու լավատեսությամբ նայեմ կյանքին։

Գիշերներս ցերեկ դարձրած՝ աչքերս չեն փակվում։

Ինձ նոր աչքեր կտա՞ք, աչքերս շատ են հոգնել արցունքից։

Ձեռքերս կարծես հոգնել են ցավից, երեկ հերթական ապակին կոտրվեց։

Ինձ մենակ կթողնե՞ք, ուզում եմ արցունքներիս ազատություն տալ։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ