Մանե Գասպարյան – «Չոր ու ցամաք «օրենքները» հույզերին մի՛ կպցրեք»

Այն, ինչ պետք է մնար անսահմանության մեջ, սահմանել ենք: Անճաշակ փաթեթավորել ենք ազատությունը: Նյութականացրել ենք սերը: Դասագրքերում հայրենասիրություն ենք սահմանել: Կարոտի կանոն ենք գրել:

Դա ի՞նչ է. ինքնագնահատականի գերարժեքությու՞ն, թե թերարժեքության բացարձակ դրսևորում:

Նորովի բացահայտեք ֆիզիկան. մի խելագարվելու օրենք հնարեք. կարոտը հանգիստ թողեք, էմոցիան չի սահմանվում, որովհետև ինչը սահմանվում է, սահմանափակվում է:

Համաշխարհային մտքի հսկաները, եթե ենթադրեին, որ իրենց սիրուն զգացմունքները «սահմանումներ են դառնալու», գուցե հողագործությամբ զբաղվեին: Գրականությանը հավատալն ու դրանից կառչել լավագույն տարբերակն է, (չնայած ցանկացած կախում խնդիր է): Մենք երբեմն «օրենքներ ենք հնարում»՝ համապատասխան մեր կենցաղավարության ու ինտելեկտի:  Գոնե միայն այդ հաշվով՝ հայրենասիրությունը եթե-ներով մի չափեք, մի խառնվեք անհատ-հայրենիք հարաբերությանը:

Թույլ տվեք անբռնազբոս քայլել բանուկ ճանապարհներով և ազատության սեփական բույրն ունենալ, աննյութեղեն սիրել, կենցաղ կիսել ու կարոտել, հետո ինչ,  որ կարոտն ու պանդխտությունն են հոմանիշ: Ներեք ինձ. իմ կողքին ապրող մարդկանց եմ կարոտում,  ամենամտերիմներին՝ ամենաշատը:

Զգացմունքներ սահմանելը ի՞նչ է՝ գերաժեքությա՞ն, թե թերարժեքության բացարձակ դրսևորում:

Ազատություն ենք սահմանում, որ հանկարծ միլիմետր չշեղվենք ազատությունից: Պարադոքս:

Կարոտի կանոն ենք գրում, որ ավելի չկարոտենք կամ կոնկրետ իրավիճակներում կարոտենք միայն: Պարադոքս:

Չոր ու ցամաք «օրեենքները» հույզերին մի՛ կպցրեք: Մեր բնությունը թողեք մեզ:

Եկեք միասին մշակենք օրենք,  որով  կտուգանվեն բոլոր սյն մարդիկ,  որոնք ուրիշի կյանք մտնելու փորձ կանեն…. թե՞  դա էլ, ըստ կանոնի՝ ազատությունների սահմանափակում է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ