Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

Նկարիչը վրձին ունի: Նա բնությունը ցեխոտ է նկարում, որովհետև նկարչի հոգին ցեխոտ չէ, ցեխով միտքը ամբողջական է պատկերում: Մենք ցեխի մեջ մարդ ենք գլորում, նա վրձնով ցեխից մարդ է հանում: Նա վրձին ունի ու ընկերներ, իսկ մենք անգամ վրձին չունենք: Մենք հազար ընկեր ունենք, հարյուր բան չգիտենք միմյանց մասին, դրա համար մենք մեր մեջ նեխում ենք, իսկ նկարիչը դեղինով արև է նկարում: Վրձնահարվածի անհամաչափությունը միակն է բոլոր անհամաչափություններից, որ համաչափում է բնություն-մարդ հարաբերությունը:
Ազնավուրի բոհեմից են նրանք….
Ուրիշ հոգիներով, ուրիշ հայացքով մարդիկ են ապրում մեր կողքին, աշխարհը կտավին են տեսնում, հատվածաբար, մանրակրկիտ մաքրում են աշխարհը փոշուց, իսկ եթե ոչ՝ մարդուն փոշու մեջ երանգավորում են:
Մենք անփույթ ենք մեր կողքին ապրող մարդու նկատմամբ, իսկ նա այնքան հոգատար զննում է իր հերոսին. կույրին աշխարհը տեսնելուց կարող է նկարել, հետո կույրի կողքին նստած աշխարհի գույնը ցույց տալ, իսկ մենք ամեն օր աշխարհը ավելի ենք խամրեցնում նրա չտեսնող աչքերում:
Վան Գոգը կարծում էր, որ գիշերը ավելի հարուստ ու կենդանի գույներ ունի , քան ցերեկը, իսկ մենք Վան Գոգին խենթ ենք կարծում:
Ստեղծագործողի խիտ, համարյա կատարյալ բնութագիրը Դրայզերինն է «Հանճարը» վեպից: Ասում է. «Նա առաջ էր շարժվում յոթ մղոնանոց քայլերով, իսկ այդ պստիկ քսղաքը, ինչպես միշտ, անխղճորեն հետ էր մնոմ կյանքից: (Քաղաքը՝ Չիկագո)» ….
Մենք երբ ջարդվում ենք, մեր զգացմունքները ջարդում ենք մարդկանց հոգու մեջ, իսկ նկարիչը իր զգացմունքները կտավին է պատմում, և աշխարհը իր ներկայությունից միայն մաքրվում է, իսկ մենք ունե՞նք նման ընկեր, որ լուռ լինի ու այդքան ներդաշնակ մեր հոգուն:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ