
Երբ դուրս գաս փոթորկից, այլևս երբեք նույն մարդը չես լինի / Մագա Պետրոսյան
– Ե՞րբ եք սկսել ստեղծագործել և որն է Ձեր առաջին ստեղծագործության անունը:
– Ստեղծագործել եմ դեռ մանկության տարիներց։ Առաջին տպագրված բանաստեղծությունը՝ «Աշուն» վերնագրով լույս է տեսել «Խատուտիկ» թերթում՝ չորրորդ դասարանում:
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
– Երբեմն գրում եմ որևէ գրքից կամ ֆիլմից ոգեշնչված, բայց առհասարակ կյանքն այնպիսին է, որ պետք չի որևէ հատուկ բան, որից պիտի ոգեշնչվես։Կյանքն ինքնին ոգեշնչող է և կյանքի ամեն իրադարձություն կարող է հիմք հանդիսանալ ստեղծագործելու։ Ոգեշնչվում եմ նաև այն արձագանքներից, որոնք ստանում եմ ընթերցողներից։
– Ո՞ր թեմաներն են հետաքրքիր և արդի հայ ընթերցասերների համար:
– Չեմ նշի կոնկրետ թեմաներ, քանի որ ընթերցողին հետաքրքիր և հարազատ է այն ինչը որևէ կերպ դիպչում է նրա հոգուն։ Եթե գրես սիրո կամ հայրենասիրության մասին և ընթերցողը գտնի իրեն էջերումդ, ուրեմն հենց դա է հետաքրքրող թեման։ Այսինքն կարևոր է ոչ թե ինչը, այլ ինչպեսը:
– Ինչպիսի՞ գրականություն եք նախընտրում, որո՞նք են ամենասիրելի հեղինակները:
– Սիրում եմ համաշխարհային գրականություն: Հիմնականում սիրո թեմայով ստեղծագործություններ եմ կարդում: Չեմ սիրում առհասարակ առանձնացնել հեղինակների, քանի որ ամեն մի ստեղծագործություն յուրօրինակ է և հետաքրքիր իր ոճի մեջ։ Այնուամենայնիվ ինձ ամենաշատը հուզել է հայ հեղինակներից Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Սա այն բացառիկ գրքերից է, որը կարդացել եմ երկրորդ անգամ։ Միգուցե կարդացել եմ կյանքի այնպիսի էտապում, որի ժամանակ այն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է թողել, քան կթողներ, եթե օրինակ այլ ժամանակահատվածում կարդայի։
– Ունե՞ք կյանքի կարգախոս և ո՞րն է այն միտքը որով ինչ-որ հեղինակ կարողացել է դիպչել Ձեր սրտին:
– Կյանքի ամեն էտապում ինձ կարող է առաջնորդել մի որևէ կարգախոս։ Վերջերս ինձ ուղեկցում է հետևյալ միտքը՝
«Երբ դուրս գաս փոթորկից, այլևս երբեք նույն մարդը չես լինի, ինչ դրանից առաջ էիր, քանզի փոթորկի իմաաստը քեզ փոխելն էր»
Հ. Մուրակամի
Այսինքն յուրաքանչյուրիս կյանքում լինում են շրջադարձային պահեր, որոնցից չպետք է կոտրվել, այլ հետևություններ անել, փոխվել և անցնել առաջ։ Առհասարակ սիրում եմ կարդալ տարբեր գրողների խոհափիլիսոփայական մտքերը կյանքի մասին։
– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:
– Շատ բարդ հարց է…նախ նշեմ, որ ես սիրում եմ, ընդունում եմ մեր հասարակությանն այնպիսին, ինչպիսին որ կա՝ թերություններով և առանձնահատկություններով հանդերձ։ Կոչերով չեմ ուզում հանդես գալ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սիրում եմ հայ հասարակությանը, թեկուզ զուտ նրա համար, որ ես էլ այս հասարակության մի մասնիկն եմ։